Ռուսաստանը ռազմատեխնիկական աջակցության շրջանակում Սիրիային հրետանային համակարգեր, կապի եւ հետախուզության միջոցներ, ինչպես նաեւ այլ տեխնիկա է տրամադրել: Այդ մասին հայտնել է Սիրիայում ռուսաստանյան խմբավորման հրամանատար, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Դվորնիկովը:  

«Ահաբեկիչների դեմ ռազմական գործողության հաջողության հիմքը դարձավ օդում ռուսաստանյան ավիացիայի համաձայնեցված աշխատանքը ցամաքում կառավարական եւ հայրենասիրական ուժերի հետ: Մարտական հնարավորությունների բարձրացման նպատակով մենք ռազմատեխնիկական օգնության շրջանակում սիրիական բանակին ժամանակակից սպառազինություն եւ ռազմական տեխնիկա ենք տրամադրել: Դրանք հրետանային համակարգեր են, կապի, հետախուզության միջոցներ եւ այլն», - ասել է Դվորնիկովը, որի հետ հարցազրույցը հրապարակում է  «Ռոսիյսկայա գազետա» կայքը: