Հայաստանում արեւային մարտկոցների շուկան net metering-ի (մասնավոր էլեկտրակայաններից ցանցին մատակարարումների դիմաց ստացված եւ փոխանցված էներգիայի փոխհաշվարկի) մասին օրինագծի ընդունումից հետո կարող է աճել: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտարարեց ACBA Leasing լիզինգային ընկերության գլխավոր տնօրեն Արսեն Բազիկյանը:
«Կարծում եմ՝ մենք այստեղ կարող ենք մեծ ներդրում ունենալ, քանի որ էներգետիկ արդյունավետության եւ այլընտրանքային էներգիայի համար հիմնական միջոցների եւ սարքավորումների մատակարարների պակաս մենք չունենք: Մեզ հետ շուրջ 300 մատակարարներ են աշխատում, իսկ մեր կազմակերպությունում եւ Acba Credit Agricole բանկի մասնաճյուղերի ցանցում նաեւ կանաչ լիզինգի պատրաստված մասնագետներ ունենք»,- նշեց նա:
ACBA Leasing-ը Հայաստանի խոշորագույն լիզինգային ընկերությունն է (շուկայի շուրջ 80%-ը): 2015 թվականի վերջի դրությամբ՝ ընկերության ակտիվները 12.75 մլրդ դրամ են կազմել:




























