Acba Leasing լիզինգային ընկերությունը Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (EBRD) հետ Հայաստանում էներգախնայողության լիզինգի ծրագիր կիրականացնի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց ACBA Leasing-ի գլխավոր տնօրեն Արսեն Բազիկյանը:
EBRD-ն ծրագրի իրականացման համար 2 մլն դոլարի չափով վարկ է տրամադրել: Իսկ Եվրոպական միության Հարևանության ներդրումային ծրագրի հետ համատեղ առաջարկվում է Էներգոկրեդիտ վարկի 10% կամ 15% չափով գումարի վերադարձ` էներգախնայող ներդրման համար: Ավստրիայի Ֆինանսների նախարարության օժանդակությամբ տեղի և միջազգային փորձագետների կողմից տրամադրվում է փորձագիտական խորհրդատվություն և տեխնիկական աջակցություն:
Ընկերության հաշվարկներով, Հայաստանում էներգախնայող սարքավորումների (այդ թվում՝ արեւային ջրատաքացուցիչների եւ այլընտրանքային էներգիայի այլ սարքավորումների) եկամտաբերության միջին ժամկետը տնային տնտեսությունների համար 5-7 տարի է, իսկ բիզնեսի համար՝ ավելի պակաս՝ 3-5 տարի:
«Այդպիսով, այդ սարքավորումներից եւս 5-7 տարի կարելի է մաքուր շահույթ ստանալ՝ մինչեւ դրանց օգտակար ծառայության վերջնաժամկետը: Դա վերաբերում է նաեւ հեղուկ գազով մեքենաներին, ինչպես նաեւ խնայող գյուղտեխնիկայի, ռեսուրսների խնայողության այլ ուղղություններին: Եվ, իհարկե, արեւային ջրատաքացուցիչներին եւ մարտկոցներին»,- հավելեց Բազիկյանը:
«Կանաչ լիզինգի» շրջանակում Acba Leasing-ի կողմից ֆինանսավորված հաջողված ծրագրերի թվում է 7 հյուրանոցներում, այդ թվում՝ Tufenkian-ում, ինչպես նաեւ ծառայությունների ոլորտի ընկերություններում արեւային ջրատաքացուցիչների տեղադրումը:
ACBA Leasing-ը Հայաստանի խոշորագույն լիզինգային ընկերությունն է (շուկայի շուրջ 80%-ը): 2015 թվականի վերջի դրությամբ՝ ընկերության ակտիվները 12.75 մլրդ դրամ են կազմել:


























