Գորիսի ոստիկանապետ Գեւորգ Ազիզյանի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի հետեւանքով տուժած եւ գործում որպես մեղադրյալ կալանավորված Արթուր Գեւորգյանը իրեն առաջադրված մեղադրանքում մեղավոր չի ճանաչել: Այս մասին այսօր՝ մարտի 23-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արթուր Գեւորգյանի պաշտպան Համլետ Դավթյանը:

«Արթուրն արդեն ցուցմունք է տվել, սակայն իրեն մեղավոր չի ճանաչել: Նրան արդեն դատաբժշկական փորձաքննության են ենթարկել, սակայն եզրակացությունը մեզ չեն ներկայացրել: Արթուրը երբ ծնոտին հարված է ստացել՝ լեզուն կծել է եւ վնասվել այն»,-ասաց նա:

Համլետ Դավթյանի խոսքով, Արթուր Գեորգյանի կալանավորման որոշումը արդեն բողոքարկվել է եւ այն քննվելու է մարտի 25-ին. «Արդեն բողոքարկել ենք, սպասում ենք որոշմանը»:

Նշենք, որ Արթուր Գեւորգյանը գտնվում է  «Գորիս» քրեակատարողական հիմնարկում, նա երկու ամսով կալանավորվել է:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Գորիսի ոստիկանապետի մասնակցությամբ մարտի 8-ին տեղի ունեցած միջադեպի գործով նյութերն ուղարկվել են Հատուկ քննչական ծառայություն:

ՀՔԾ-ի տարածած հաղորդագրության համաձայն, մարտի 8-ին ժամը 22:15-ի սահմաններում Գորիսում գտնվող «Դիանա» հյուրանոցային համալիրին հարող տարածքում տեղի ունեցած վիճաբանության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի բաժնում քաղաքացի Արթուր Գ.-ի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործը ՀՀ գլխավոր դատախազը օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննություն կատարելու նպատակով ուղարկել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն:

 Նշենք, որ ըստ մամուլի տեղեկությունների՝ միջադեպին մասնակցել է նաեւ Գորիսի ոստիկանապետ Գեւորգ Ազիզյանը, որի լիազորությունները ժամանակավորապես դադարեցվել են: