Անկրկնելի Վալերի Գերգիեւը տենոր Գեղամ Գրիգորյանի շնորհը գնահատել է դեռեւս 1980-ականներին, երբ աշխատում էր Երեւանում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Յուրի Դավթյանը՝ հիշատակելով կյանքից անժամանակ հեռացած տաղանդին:
«Գեղամը մեզ ուրախություն էր պարգեւում «Անուշ»-ում, «Արշակ Երկրորդ»-ում եւ, իհարկե, «Օթելլո»-ում: Հիշում եմ «Օթելլո»-ի հատվածների նրա բեմադրությունը, որտեղ նա համագործակցում էր մեր երիտասարդ բարիտոն Գեւորգ Հակոբյանի հետ: Հիշում եմ նաեւ նրա համերգը մեր հիասքանչ Հասմիկ Պապյանի հետ»,- պատմեց մաեստրոն:
Մարիինյան թատրոնում Գերգիեւի հետ Գրիգորյանը սկսեց աշխատել 1989 թվականից: Իսկ այդ որոշումը Գերգիեւը կայացրել էր ոչ հապշտապ: 1980-ականների սկզբին եւ կեսերին, երբ նա ղեկավարում էր Հայկական ԽՍՀ-ի Պետական սիմֆոնիկ նվագախումբը, նա մեկ անգամ չէ, որ լսել էր Գրիգորյանի կատարումները:
«Գեղամին նա մի քանի անգամ էր լսել, այդ թվում՝ իմ բեմադրություններում: Մի օր նա մոտեցավ ինձ ու ասաց. «Յուրի Հայկովիչ, երբ Մարիինյան թատրոն գնամ, ինձնով կանեմ Գեղամին»: Եվ Մարիինյան թատրոնում նա այնքան պարտիաներ կատարեց, այնքան բարդ ու հրաշալի: Եթե խոսեմ դժվարությունների մասին, ապա բավական է միայն նշեմ, որ նա երգել է «Պատերազմ եւ խաղաղություն»-ում»,- հավելեց Դավթյանը:
Գրիգորյանը տեղում չէր կանգնում, եւ ոչ միայն ստեղծագործական, այլեւ աշխարհագրության առումով. Կոնցերտգեբաու, Քովենթ Գարդեն, Մետրոպոլիտեն օպերա, Լա Սկալա:
«Իսկ 2000-ականներին Կառավարությունը Գեղամին հրավիրեց ղեկավարելու Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնը: Իմ նախկին ուսանողն իմ գեղարվեստական ղեկավարը դարձավ: Հավատացեք, ուսուցիչն իրեն ավելի մեծ ուրախություն չի կարող մաղթել»,- հավելեց Յուրի Դավթյանը:
Մարտի 23-ին կյանքի 65-րդ տարում վախճանվել է աշխարհահռչակ հայ տենոր, Երեւանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, Լիտվայի ԽՍՀ ժողովրդական արտիստ, «Մովսես Խորենացի» եւ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալակիր Գեղամ Գրիգորյանը:





























