Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը այսօր՝ մարտի 23-ին, բավարարել է դատախազի միջնորդությունը եւ Արմավիրի հիվանդանոցում 2015թ. հունիսին մահացած 4-ամյա Կարինեի եւ նույն օրը նույն հիվանդանոց ընդունված ու օրեր անց մահացած նորապատցի 5-ամյա Էրիկի գործերը միացրել մեկ վարույթում: Նույն գործով տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Գարիկ Գալիկյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ այսօրվա դատական նիստին հարցաքննվել են տուժող Էրիկ Ամիրխանյանի իրավահաջորդը՝ հայրը եւ գործում որպես վկա ներգրավված 3 բուժքույր, որոնք նշել են՝ 5-ամյա Էրիկը հիվանդանոց տեղափոխվելիս ջերմություն չի ունեցել:
«Բուժքույրերը նշում էին, որ երեխան հիվանդանոց տեղափոխվելիս ջերմություն չի ունեցել, սակայն երեխայի մայրը պնդում է , որ երեխան բարձր ջերմությամբ է հիվանդանոց տեղափոխվել: Բոլորը միահամուռ կերպով նշեցին, որ երբ երեխայի մոտ առաջին ցնցումը եղել է ինչ-որ բուժումներ են նշանակել, երբ երկրորդ ցնցումն է եղել՝ նոր տեղափոխել Վերակենդանացման բաժանմունք: Ըստ իրանց՝ բոլոր բուժումներն արել են ըստ բժշկուհու ցուցումի, ինքնագլուխ ոչինչ չեն արել»:
Նշենք, որ «Արմավիր» բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունքի վարիչ Անահիտ Պետրոսյանը երկու գործերով էլ մեղադրվում է մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելու մեջ: Երկու դեպքում էլ բժշկուհին իր մեղավորությունը չի ընդունում:
Ջրաշենցի երեխան հիվանդանոց էր ընդունվել 2015.թ հունիսի 16-ին՝ ջերմություն, թուլություն, փսխում, լուծ ախտանշաններով: Վիճակը գնահատվել էր միջին ծանրության` սուր աղիքային ինֆեկցիա նախնական ախտորոշումով։ Երեկոյան փոքրիկի վիճակը կտրուկ վատացել էր։ Նրան տեղափոխել էին Վերակենդանացման բաժանմունք, սակայն կյանքը փրկել չէր հաջողվել: Մահվան մեջ երեխայի հարազատները բժշկուհուն են մեղադրում:
Նորապատցի երեխան հունիսի 16-ին «Արմավիր» բժշկական կենտրոնից աղիքային ինֆեկցիայով ծայրահեղ ծանր վիճակում Երեւան էր տեղափոխվել եւ 18 օրվա կոմայից հետո մահացել: Երեխայի մայրը մահվան մեղավոր է համարում Անահիտ Պետրոսյանին: Նրա խոսքով` Անահիտ Պետրոսյանը երեխային հոգնա է արել, ներարկում, ապա կաթիլային միացրել, որից հետո 5-ամյա Էրիկը միանգամից կոմայի մեջ է ընկել:



























