Հայաստանի ոստիկանապետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանն այսօր Գորիս կատարած այցի ժամանակ քննարկել է նաեւ մարտի 8-ին Գորիսի ոստիկանապետի մասնակցությամբ միջադեպի մանրամասները։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Հունան Պողոսյանը։

«Աշխատանքային այց էր,  որի ընթացքում, այո, անձնակազմի հետ քննարկվել է նաեւ մարտի 8-ի միջադեպի հետ կապված հարցեր։  Նաեւ անձնակազմը ծանոթացել է, որ Գորիսի բաժնի պետի պարտականությունները ժամանակավորապես դրվել են մարզային վարչության պետի վրա»,-ասաց Հունան Պողոսյանը։

Թե ինչ մանրամասներ են քննարկել, Պողոսյանը խուսափեց նշել՝ հիշեցնելով, որ  ծառայողական քննություն է կատարվում, ինչպես նաեւ Հատուկ քննչական ծառայությունն է զբաղվում գործով։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Գորիսի ոստիկանապետ Գեւորգ Ազիզյանի մասնակցությամբ մարտի 8-ին տեղի ունեցած միջադեպի գործով նյութերն ուղարկվել են Հատուկ քննչական ծառայություն:

ՀՔԾ-ի տարածած հաղորդագրության համաձայն, մարտի 8-ին ժամը 22:15-ի սահմաններում Գորիսում գտնվող «Դիանա» հյուրանոցային համալիրին հարող տարածքում տեղի ունեցած վիճաբանության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի բաժնում քաղաքացի Արթուր Գ.-ի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործը ՀՀ գլխավոր դատախազը օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննություն կատարելու նպատակով ուղարկել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն:

Նշենք, որ ըստ մամուլի տեղեկությունների՝ միջադեպին մասնակցել է նաեւ Գորիսի ոստիկանապետ Գեւորգ Ազիզյանը, որի լիազորությունները ժամանակավորապես դադարեցվել են: