Ռուսաստանցի երգիչ Ֆիլիպ Կիրկորովը հետաձգել է մարտի 23-ին Վիլնյուսում նախանշված համերգը, քանի որ սարքավորումներով եւ դեկորացիաներով բեռնատարները չեն կարողանում անցնել Լիտվայի հետ բելառուսական սահմանը:
Արտիստի ներկայացուցիչների խոսքով, բեռնատարները հսկայական քանակությամբ փաստաթղթեր ունեն: Բելառուսի մաքսավորները մանրամասն ուսումնասիրում են դրանք՝ հրաժարվելով մտնել դրության մեջ եւ արագացնել ստուգման գործընթացը:
Հնարավոր է՝ ստիպված կլինեն հետաձգել նաեւ Կլայպեդեում նախանշված շոուն:
«Մինսկում «Ես» շոուն ընդունվեց ամենաբարձր մակարդակով, նույնիսկ երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շքեղ փունջ փոխանցեց ինձ եւ շոուի ռեժիսոր Ֆրանկո Դրագոնեի համար: Եվ այս ցնցող հաջողությունից հետո մենք այսպիսի անտաշության բախվեցինք»,- ասել է Կիրկորովը՝ հույս հայտնելով, որ Լուկաշենկոն կօգնի հարթել խնդիրը:




























