«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում այս տարվա մարտի 1-ին կախված հայտնաբերված կալանավոր Մխիթար Սարգսյանը, որը նույն խցում է եղել քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիի հետ, կնոջը` Սաթենիկ Հովսեփյանին վստահեցրել է, որ ինքը  Գասպարիին «մատով չի կպել»:

«Պատմեց, ասեց` ես քնած էի, Գասպարին գոռաց, ղժաց, բոլորը եկան, լցվեցին խուցը, աղմուկ բարձրացավ, հետո Գասպարին մի տասը հոգուս մատնացույց արեց, ասեց` իրանք ծեծել են ինձ ու տարան բոլորիս: Հեռախոսով ճղվում էր, ասում էր` ես չեմ կպել էդ մարդուն, ինձ ամեն օր տանում են քննության, ստիպում են, թե դու ես արել, ասում են` չորսից հինգ տարի հոդված ունես, եթե խփել ես»,- պատմեց մահացածի կինը:

Սաթենիկ Հովսեփյանը, որ ամուսնու հետ դեպքից ժամեր առաջ է խոսել, համոզված է, որ նա ինքնասպանություն չէր գործի: Նրա համար կատարվածն անհասկանալի է, կասկածներ ունի, որ ամուսնուն սպանել են այն բանի համար, որ հրաժարվել է խոստովանել չարած արարքը:

«Ասեցի` հանկարծ չստորագրես ոչ մի թուղթ, ասեց` մենակ իմ դիակի վրայով կստորագրեմ»,- պատմեց կինը:

Քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին, մինչդեռ, պնդում է, որ Մխիթար Սարգսյանն ու էլի մի քանի կալանավորներ իրեն խոշտանգել են, պարզապես Մխիթարը անհամեմատ ավելի պասիվ է եղել, չի կատարել իրեն ծեծելու հրահանգները, այդ պատճառով էլ նրան սպանել են:

«Մյուսներին առանձին դրվագներով հիշում եմ, բայց իրեն` ոչ: Ինքը ամենապասիվն էր: Ինքը միայն հայհոյել է: Կարծում եմ` հենց դրա համար էլ սպանել են, հետո կախել, որ թվա, թե ինքնասպանություն է կատարել»,- NEWS.am-ին ասաց նա:

Գասպարիին խոշտանգելու դեպքով քրեական գործ է հարուցվել: Նա ՀՔԾ-ում արդեն հարցաքննվել է այս գործով:

Մխիթար Սարգսյանը 1 ամիս 3 օր ժամկետով ազատազրկման էր դատապարտվել իր որդու ընկերոջը՝ 12-ամյա Մարտինին ծեծելու համար: Մարտի 1-ին նրան կախված էին գտել ՔԿՀ-ի լոգարանում: Նրա պատժաժամկետը մի քանի օրից լրանալու էր: Քննության պաշտոնական վարկածով՝ Մխիթար Սարգսյանն ինքնասպանություն է գործել: Նրան ինքնասպանության հասցնելու հոդվածով հարուցված քրեական գործով նշանակված դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը դեռ պատրաստ չէ: