Քալիֆորնիայի Գլենդել քաղաքի բնակիչ Կարեն Գալստյանը սպասում էր բանկային խարդախությունների գործով վճռի կայացմանը, երբ նոր գործարք է կնքել Verizon Wireless ընկերության հետ։

Los Angeles Times-ի փոխանցմամբ, նա հայտնել է, թե մեքենաների վարձակալության իր Toro Ride ընկերությունը ընդլայնվում է, 20 մլն դոլար ներդրում ունի եւ հեռախոսներ են հարկավոր վարորդների համար։ Խաբեությամբ նա 30 հազար iPhone-ների երկտարյա պայմանագիր է կնքել՝ յուրաքանչյուր սմարթֆոնի համար վճարելով 99 սենթ` 500 դոլարի փոխարեն։

Սարքերի մեծ մասը փաստացի վաճառվել են արտերկրում։ 11 հազար սմարթֆոններ Գալստյանը վաճառել է Վիետնամում, Իրաքում, Չինաստանում եւ Սաուդյան Արաբիայում, այդկերպ 13 մլն դոլարի վնաս հասցնելով։ Ըստ դատաքննության, նյութերի, Verizon-ը տեղեկացելէ  կատարվածի մասին եւ խզել պայմանագիրը։

Այս շաբաթ Կարեն Գալստյանը Չեթսուորթ քաղաքի դատարանի կողմից դատապարտվել է ութ տարվա ազատազրկման բանկային խարդախությունների համար։ Bank of America-ից նա 689 հազար դոլար էր ստացել ավելի վաղ։ 2014թ. հունվարին Գալստյանն իրեն մեղավոր էր ճանաչել այդ գործով։ Նա գործարքի է գնացել արդարադատության հետ, ինչի արդյունքում նրանից խլել են Նորթրիջում, Շերման Օքսում, Թուխունգայում եւ Լաս Վեգասում ձեռքբերած ունեցվածքը։ Ըստ գործարքի, նա նաեւ պետք է վճարի 17 մլն դոլար Verizon-ին, եւ 200 հազար դոլար Bank of America-ին։