Կոնգոյի Հանրապետության նախագահ Դենի Սասու Նգեսոն, որը երկիրը ղեկավարում է ավելի քան 30 տարի, նորից հաղթել է ընտրություններում: Կոնգոյի ՆԳ նախարարի հայտարարած արդյունքների համաձայն, նախագահն ստացել է ավելի քան 60 տոկոս ձայն:

Նախորդ տարի Սասու Նգեսոյին հաջողվել էր փոփոխություններ կատարել երկրի սահմանադրության մեջ, որոնք թույլ են տվել նրան նորից առաջադրվել նախագահի պաշտոնի համար: Մասնավորապես, հանվել է թեկնածուներին առաջադրվող տարիքային շեմը (70 տարեկան), միաժամանակ նախագահին թույլ  տրվել առաջադրվել 3-րդ անգամ: Այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Սասու Նգեսոն մշտապես քննադատության է արժանանում իր շռայլ կենսակերպի պատճառով: Իրավապաշտպանները բազմիցս կոչ են արել հետաքննել նրա տների, թանկարժեք մեքենաների ձեռքբերման աղբյուրը:

Նշենք, որ Կոնգոն Աֆրիկայում նավթի խոշորագույն արտադրող երկրներից մեկն է, սակայն երկրի բնակչության մեծ մասն ապրում է աղքատության մեջ: