Վերջին մեկ տարում Գերմանիան ապաստան տրամադրելու 442 հազար դիմում է ստացել, որոնց մեծ մասը՝ 160 հազարը՝ Սիրիայի փախստականներից։ Այս մասին մարտի 24-ին՝ «Փախուստ եւ միգրացիա դեպի Եվրոպա. ինչպե՞ս հաղթահարել պետության եւ հասարակության առջեւ կանգնած մարտահրավերները» թեմայով քննարկման ժամանակ, ասել է Հայաստանում Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերը։
Դեսպանի խոսքով՝ Գերմանիա ժամանող միգրանտների թիվը մոտ 1.1 մլն է, որից 440 հազարը սիրիացիներ են, եւ այստեղ խոսքը նրանց մասին են, որոնց դիմումները դեռ չեն քննվել։ «Այսօր Գերմանիայում մենք գործ ունենք աճող բեւեռացված հասարակության հետ։ Կա 2 ճամբար. մի կողմից մարդիկ են, որոնք աջակցում են Գերմանիայի կառավարության եւ Անգելա Մերկելի քաղաքականությունը, իսկ մյուս կողմից՝ մարդիկ, որոնք քննադատում են ստեղծված իրավիճակը եւ հրաժարվում են ընդունել փախստականներին»,- նշեց դեսպանը։
Դիվանագետի խոսքով՝ դրա ապացույցներից մեկը 2 շաբաթ առաջ 3 դաշնային հողերում կայացած ընտրություններն էին։ «Սաքսոնիա Անհալթում աջ պոպուլիստական կուսակցությունը, որը մերժում է միգրանտներին ընդունելու քաղաքականությունը, 20 տոկոս ձայն է հավաքել եւ դարձել մեծությամբ 2-րդ խորհրդարանական խմբակցությունը։ Դա շատ մտահոգիչ է»,- ասել է Քիսլերը՝ նշելով, որ միգրացիան ոչ միայն գերմանական, այլ համաեվրոպական խնդիր է։





























