Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մանրամասներ է պատմել Սերգեյ Լավրովի եւ Ջոն Քերրիի հանդիպումից: Զախարովայի խոսքով, շփման սկզբում ԱՄՆ-ի պետքարտուղարը շնորհավորել է Ռուսաստանի արտգործնախարարի ծնունդը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
«Հույս ունեմ, որ այսօրվա մեր զրույցը հաջող կլինի: Ուզում եմ այս պահն օգտագործել` շնորհավորելու ծննդյանդ տարեդարձը: Հույս ունեմ, որ այս ամսաթիվը քեզ լրացուցիչ իմաստնություն կհաղորդի այս բանակցությունների անցկացման գործում: 39 տարեկանի համար դու հոյակապ տեսք ունես», — ասել է Քերրին:
Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի դիվանագիտական գերատեսչությունների ղեկավարներն այնուհետեւ սրամիտ դիտարկումներ են փոխանակել. «Ջոն, շնորհակալ եմ, բայց եթե իմաստնությունը ծննդյան տարեդարձների քանակով չափենք, ես քո հետեւից չեմ հասնի»,- ասել է Լավրովը:
Պատվիրակությունները ծիծաղով են ընդունել այդ խոսքերը: «Եթե ավագներին հարգես, ամենակարեւորը դա է»,- հետադարձել է Քերրին:
Մարտի 21-ին լրացել է Լավրովի 66 տարին, իսկ անցյալ տարվա վերջին Քերրիի 72 տարին էր լրացել:
Նախօրեին Քերրին Ռուսաստանի մայրաքաղաք է եկել երկօրյա այցով: Սա տարվա ընթացքում ամերիկյան արտաքին գերատեսչության ղեկավարի արդեն երրորդ այցն է Ռուսաստան: Առաջին երկու աշխատանքային ուղեւորությունների ընթացքում` մայիսին` Սոչի եւ դեկտեմբերին` Մոսկվա, Քերրին բանակցություններ էր անցկացրել Լավրովի եւ Պուտինի հետ:




























