Արտակարգ իրավիճակների նախարարությունն, այսօր՝ մարտի 24-ին, ահազանգ է ստացել, որ «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում ռումբ կա տեղադրված: Այս մասին քիչ առաջ լրագրողների հետ զրույցում հայտնել է ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ-Երեւան քաղաքի փրկարար ծառայության պետ Մուշեղ Ղազարյանը:

«Ահազանգ ենք ստացել, ոստիկանությունը հիմա ճշտում է ահազանգողի ինքնությունը: Մինչ այդ մենք այստեղ որոնողական աշխատանքներ ենք կատարում»,-նշել է Երեւան քաղաքի փրկարար ծառայության պետը:

NEWS.am-ի  թղթակիցը հաղորդում է, որ «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում ուժեղացված հսկողություն է իրականցվում: Այնտեղ են մեծ թվով ոստիկաններ, ԱԻՆ աշխատակիցներ, սակրավորներ, «Շտապօգնության» բրիգադներ:

ՀՀ Քաղավիացիայի գլխավոր վարչության մամուլի խոսնակ Ռուբեն Գրդզելյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ օդանավակայանի աշխատանքն ընթանում է նորմալ հունով: «Մենք սերտորեն համագործակցում ենք թե ԱԻՆ-ի, թե ոստիկանության հետ»,-ասել է նա:

Լուսանկարները՝  Արսեն  Սարգսյանի/NEWS.am