Փարիզում եւ Բրյուսելում ահաբեկչական գործողություններից հետո չի կարելի բացառել, որ Գերմանիան եւս ահաբեկչության թիրախ կդառնա: Այդ մասին մարտի 24-ին «Փախուստ եւ միգրացիա դեպի Եվրոպա. ինչպես հաղթահարել պետության եւ հասարակության առաջ կանգնած մարտահրավերները» թեմայով քննարկման ընթացքում ասել է Հայաստանում Գերմանիայի Արտակարգ եւ լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը:
Նրա խոսքով, այդ խնդրի լուծումը հեշտ չի լինի: «Մենք իհարկե չենք ուզում «ոստիկանական» պետություն ունենալ: Մյուս կողմից, մենք պիտի ամեն ինչ անենք հաղթահարելու հնարավոր ահաբեկչական գործողությունները: Բայց այդ խնդրի լուծումը Եվրոպայի համատեղ ջանքերի ներդրումն է», - նշել է Քիսլերը:
Ի պատասխան այն հարցին, թե արդյոք Գերմանիան խոցելի է ահաբեկչության սպառնալիքի առաջ, դեսպանն ընդգծել է. «Փախստականների եւ ահաբեկչության հետ կապված հատուկ եւ առանձին խնդիր գոյություն չունի: Իհարկե չի կարելի բացառել ահաբեկչական գործողությունները, բայց ես այն տեսության կողմնակից չեմ, որը համընդհանուր կասկածի է առնում Միջին Արեւելքից Եվրոպա եկող մարդկանց: Կարեւոր է, որ մենք դասեր քաղենք միգրացիոն ընդհանուր պատմությունից եւ միջազգային ահաբեկչության հաղթահարման սպառնալիքից, որին ստիպված ենք դիմակայել»





























