Բրիտանիայի խորհրդարանի համայնքների պալատի միջազգային հանձնաժողովը անթույլատրելի է համարում, որ Մեծ Բրիտանիան Թուրքիայի հետ միգրանտների հարցով համագործակցության դիմաց, աչք փակի քրդերի ճնշումների վրա, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Մեծ Բրիտանիան պետք է ճնշում գործադրի Թուրքիայի վրա, որպեսզի վերջինս ձեռնպահ մնա քրդական աշխարհազորայինների դեմ ցանկացած գործողություններից եւ կառուցողական դեր խաղա ԻՊ-ի դեմ պայքարում ընդհանուր նպատակների իրականացման համար։ Մեծ Բրիտանիան անթույլատրելի է համարում Թուրքիայի հետ ԵՄ-ի համար առաջնային խնդրի՝ միգրացիոն ճգնաժամի հարցում համագործակցության դիմաց աչք փակել Թուրքիայի կառավարության կողմից քրդերի օրինական իրավունքները ոտնահարելու վրա ինչպես իրենց երկրում, այնպես էլ հարեւան պեություններում»,- ասված է համայնքների պալատի միջազգային հանձնաժողովի զեկույցում, որը նվիրված է Սիրիայում տիրող իրավիճակին եւ ԻՊ-ի դեմ պայքարին։

Հիշեցնենք, որ Թուրքիան անցյալ տարվա դեկտեմբերից հակաահաբեկչական գործողություններ է իրականացնում երկրի հարավարեւելյան քրդաբնակ շրջաններում, որտեղ բախումներ են տեղի ունենում կառավարական ուժերի եւ Քրդական բանվորական կուսակցության միջեւ։