Ավստրալական Նոր Հարավային Ուելսի խորհրդարանի պատգամավոր Օ’Դեան խորհրդարանում իր ելույթի ընթացքում հարգել է Սումգայիթում ջարդերի զոհերի հիշատակը: Այդ մասին հայտնում է Ավստրալիայի Հայ ազգային հանձնախումբը: 

Օ’Դեան իր ելույթում հիշատակել է Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցը` հավելելով, որ շատերը հիշում եւ սգում են նաեւ Ադրբեջանում 1988- 1990 թթ-ի հակահայկական ջարդերի զոհերին:  

«Ես հպարտանում եմ, որ աջակցում եմ Ավստրալիայի հայ համայնքին… ի հիշատակ այդ ողբերգական իրադարձությունների:  Կարեւոր է խրախուսել հանդուրժողականությունը եւ ժողովրդավարական ազատությունները` միաժամանակ ընդունելով եւ հիշելով անցյալի դեպքերը. դա կօգնի երաշխավորել, որ պատմության մութ դրվագներն այլեւս չեն կրկնվի», - հայտնել է խորհրդարանականը: