Ի պաշտպանություն կալանավորված  Գեւորգ Սաֆարյանի ակցիայի ընթացքում այսօր՝ մարտի 24-ին, Մաշտոցի պուրակի դիմաց ոստիկանների հետ բախման ընթացքում գլխի շրջանում վնասվածք ստացած Ռուզաննա Եղնուկյանի վիճակը բավարար է, նա առաջիկա ժամերին դուրս կգրվի հիվանդանոցից: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի Վերակենդանացման բաժանմունքի վարիչ Սամվել Կարապետյանը:

Ըստ բժշկի՝ տուժածը լաբարատոր հետազոտություններ է անցել, ստացած վնասվածքի վտանգավորության աստիճանը թեթեւ է:

Սամվել Կարապետյանի խոսքով՝ Ռուզաննա Եղնուկյանի մոտ ախտորոշվել է ճակատի փափուկ հյուսվածքի սալջարդ՝ արնահոսող վերքով:

Նշենք, որ տուժածը «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Կարո Եղնուկյանի կինն է:

Ավելի վաղ հայտնել էինք, որ մարտի 24-ին «Ի պաշտպանություն Գեւորգ Սաֆարյանի» ակցայի մասնակիցներից 14-ը բերման են ենթարկվել ոստիկանության Կենտրոնական բաժին: Ըստ «Նոր Հայաստանի», սակայն բերման ենթարկվածների թիվը 16-ն է: Ոստիկանների եւ ակցիայի մասնակիցների միջեւ բախման ընթացքում գլխի շրջանում վնասվածք էր ստացել Ռուզաննա Եղնուկյանը, որին տեղափոխել էին հիվանդանոց:

Ըստ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի տարածած հայտարարության՝ ակցիայի ընթացքում ոստիկանները հայհոյել եւ հարվածներ են հասցրել ի նշան բողոքի իրենց շղթայած «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի աջակիցներին, «Հայ կանանց ճակատ» նախաձեռնության անդամներին: