19-րդ դարում հայ իրականության մեջ բավականին տարածված է եղել աղջիկ փախցնելու ավանդույթը. աղջկների առեւանգումների հիմնական մասը գիտակցված է եղել` աղջկա եւ տղայի ծնողները համաձայնության են եկել` հարսանեկան ծախսերից եւ այդ ժամանակահատվածում աղջկա համար սահմանված գլխագնից ազատվելու համար:
«Աղջիկ առեւանգելը բնորոշ է եղել նախնադարյան հասարակության նախնական շրջաններին, սակայն, ակնհայտ է, որ աղջիկների առեւանգումների զգալի մասը գիտակցված է եղել: Այսինքն` աղջկա եւ նրա ծնողի համաձայնությամբ է կատարվել եւ պատահական չէ, որ առեւանգումները հիմնականում տնից են կատարվել` աղջկան պարանով քաշել, հանել են դուրս»,-NEWS.am-ի հետ զրույցում ասում է ազգագրագետ Ռաֆիկ Նահապետյանը:
Աղջիկների առեւանգման ավանդույթի տարածման պատճառներից է եղել նաեւ 19-րդ դարում աղջիկների եւ տղաների միջեւ դրված խտրականության հետեւանքով առաջացած աղջիկների սակավությունը. տղաները ստիպված են եղել նրանց առեւանգել` իրենց տարիքին համապատասխան աղջիկների հետ ամուսնանալու համար:
«Այն տղաները, որոնք ուժով, հարկադրաբար էին աղջիկներին փախցնում եւ նրանց տիրանում, շատ վատ հետեւանքներ էր ունենում` աղջկա եղբայրը ընտանիքի պատիվը փրկելու համար սպանում էր փախցնողին եւ վերականգնում ընտանիքի պատիվը»,-ասում է ազգագրագետը` նշելով, որ այսօր կարելի է ասել, որ աղջիկներ առեւանգելու դեպքերը շատ քիչ են պատահում կամ գրեթե չկան:
«Այժմ եվրոպական քաղաքակրթություն ունեցող երկրների համար դա անհարիր երեւույթ է եւ աղջկա առեւանգումը զավեշտալի երեւույթի է վարածվել: Նման դեպքերի ավելի շատ ասիական երկրներում ենք հանդիպում, քանի որ այնտեղ պահպանվել է այս ավանդույթը»:



























