Ուկրաինայում «Պյոտր Պորոշենկոյի բլոկ» խմբակցության ղեկավար Յուրի Լուցենկոն կարող է դուրս գալ կոալիցիայից, եթե հաջորդ շաբաթվա ընթացքում կառավարական եւ խորհրդարանական ճգնաժամը չհաղթահարվի: Այս մասին մարտի 24-ին Լուցենկոն հայտարարել է Գերագույն ռադայի Կոալիցիոն խորհրդի նիստից հետո կայացած ճեպազրույցում:
«Նախագահն առաջարկում է տեխնոկրատ կառավարություն ձեւավորել: Վարչապետի թեկնածուն ինքնուրույն՝ առանց խմբակցությունների հետ խորհրդակցելու, կառավարություն է ձեւավորում եւ պատասխանատվություն կրում նրա գործունեության համար: Այս տարբերակին համաձայն են «Պյոտր Պորոշենկոյի բլոկ»-ը եւ «Ժողովրդական ճակատ»-ը: Դա նշանակում է, որ տեխնոկրատ վարչապետի թեկնածության համար ձայների մեծամասնություն չկա: «Սամոպոմիչ»-ը, որը պատրաստ է այն սատարել, կտրականապես հրաժարվում է կոալիցիա մտնել»,- նշել է Լուցենկոն: Ըստ նրա, այս դիրքորոշումը թույլ չի տալիս տեխնոկրատ կառավարության թեկնածությունները ներկայացնել նախագահի քննարկմանը, որն էլ այն ներկայացնելու է խորհրդարանի դիտարկմանը:
«Այդ պատճառով, մեզ կառավարության փոփոխության մեկ սցենար է մնում՝ «Պյոտր Պորոշենկոյի բլոկ»-ից թեկնածուի առաջադրումը, որի համար նույնպես պետք է ձայների մեծամասնության ձգտել: Ես առաջարկեցի Վլադիմիր Գրոյսմանի թեկնածությունը»,- հայտարարել է Յուրի Լուցենկոն:
Ուկրաինայում քաղաքական ճգնաժամը սկսվել է նախարարների կաբինետի հրաժարականի շուրջ փետրվարի 16-ին Ռադայի քվեարկության ձախողումից եւ կոալիցիայի փաստացի փլուզումից հետո:





























