Փաստահավաք խմբի նախկին անդամներ Սեդա Սաֆարյանը (Ժառանգություն) եւ Անդրանիկ Քոչարյանը (Հայ Ազգային Կոնգրես) լուրջ մտահգություն ունեն, որ մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի վերջնական զեկույցը, որ հանձնաժողովը մտադիր է ներկայացնել ԱԺ գալիս քառօրյային, անաչառ եւ օբյեկտիվ չի լինելու:

Անդրանիկ Քոչարյանը «Հայացք» ակումբում հիշեցրեց, որ իրենք արդեն 4 զեկույց են ներկաայցրել ժամանակավոր հանձնաժողովին (4-ը՝ օգոստոսի 24-ին), բայց միայն ոստիկանության աշխատակից Համլետ Թադեւոսյանի մահվան հանգամանաքներին առնչվող առաջին զեկույցն է փոքրիշատե ուսումնասիրվել հանձնաժողովի կողմից:

Ավելին, Քոչարյանը պատասխանեց հանձնաժողովի անդամ Արծվիկ Մինասյանին: Հիշեցնենք, որ Մինասյանը հայտարարել էր, թե փաստահավաքի նախկին անդամներն իրենց 2-րդ զեկույցը՝ (հատուկ միջոցների կիրառման մասին) գրելիս հղում են կատարել 2006թ. գործածությունից դուրս եկած կարգի վրա: Ըստ Քոչարյանի՝ ոստիկանությունը իրենց հայտնել է, թե հատուկ միջոցների կիրառման ժամանակ ղեկավարվել է հին կարգով, եւ, ըստ Քոչարյանի, «քանի որ այլ կարգ գոյություն չունի, փաստահավաքի անդամները ստիպված են եղել հղում անել հին կարգին»: «Հաշվի առնելով, որ հանձնաժողվը նիստեր չի գումարել փաստահավաք խմբի լուծարումից հետո, մենք մտահոգություն ունենք, որ որ վերջնական զեկույցում չեն ներառվելու մեր ներկայացրած փաստերը»,- նկատեց Անդրանիկ Քոչարյանը՝ ԱԺ ժամանակավոր հանձնաժողովին կոչ անելով փաստահավաքի ներկայացրած փաստերը ընդգրկել վերջնական զեկույցի մեջ:

Հիշեցնենք, որ 2008թ. մարտի 1-ին ոստիկանությունը ցրեց Ազատության հրապարակում 10 օր խաղաղ ցույց անող ընդդիմության ակտիվիստներին, իսկ երեկոյան արդեն զենք կիրառեց ցուցարարների նկատմամբ, ինչի արդյունքնում զոհվեց 10 հոգի: Սերժ Սարգսյանի հրամանով 2008թ. աշնանը փաստահավաք խումբ ստեղծվեց, որը պիտի շատ հարցերի պատասխան տար, սակայն յոթ ամիս աշխատելուց հետո խումբը լուծարվեց, եւ խմբի ընդդիմադիր անդամները առանձին զեկույցներ ներկայացրին: