Սիրիայի հարցով ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի համագործակցությունը լուրջ արդյունքների է հանգեցրել եւ բարելավել է այդ երկրի ժողովրդի դրությունը: Այս մասին մարտի 24-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին:
Նրա խոսքով, արդարացի կլիներ ասել, որ Վաշինգտոնի եւ Մոսկվայի միջեւ համագործակցության հանդեպ լուրջ մոտեցումը հանգեցրեց լուրջ արդյունքների, մասնավորապես, ինչը վերաբերում է սիրիացի ժողովրդի կյանքին եւ այդ հարցում առաջընթացին եւ տեղաշարժերին:
Ըստ ՏԱՍՍ-ի, նա նաեւ հավելել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է Ռուսաստանի հետ գաղափարները կիսել Ժնեւի միջսիրիական բանակցությունների կառուցողական անցկացման շուրջ:
«Ես գիտեմ, որ դուք որոշակի պատկերացումներ, գաղափարներ ունեք, արդեն լուրջ որոշումներ եք կայացրել՝ կապված Սիրիայից ձեր զորքերի զգալի մասի դուրսբերման հետ: Մենք նույնպես որոշակի գաղափարներ ունենք Ժնեւում անցկացվող բանակցությունների արդյունավետության եւ այլ հարցերի շուրջ»,- նշել է Քերրին՝ հավելելով, որ ժամանակն է սկսել լրջորեն աշխատել, իսկապես ջանալ անցումային ժամանակաշրջանի հետ կապված:




























