Մոլդովայում նախագահական ընտրությունները կարող են կայանալ 2016 թվականի սեպտեմբերին կամ հոկտեմբերին: Այս մասին հայտարարել է այդ երկրի ԿԸՀ քարտուղարի պաշտոնակատար Անդրեյ Վոլենտիրը:

Նրա խոսքով, 6 ամիսը խելամիտ ժամանակահատված է պետության ղեկավարի ուղղակի ընտրությունների կազմակերպման համար: Խորհրդարանը պետք է Ընտրական օրենսգրքում համապատասխան փոփոխությունները կատարի մայիսից ոչ ուշ:

Ըստ ՌԻԱ Նովոստիի, մարտի 4-ին Մոլդովայի Սահմանադրական դատարանը վճռել է, որ հանրապետության նախագահը պետք է ընտրվի համաժողովրդական քվեարկության արդյունքում: Այդպիսով, չեղարկվել է 2000 թվականի հունիսի 5-ի երկրի Հիմնական օրենքում փոփոխությունը:

Վճռի համաձայն, ՍԴ-ն ուժի մեջ է թողել պետության ղեկավարի՝ համընդհանուր, հավասար, գաղտնի եւ ուղղակի համաժողովրդական ընտրության մեխանիզմը: Ըստ փոփոխության, նախագահի պաշտոնին կարող է հավակնել 40 տարին լրացած Մոլդովայի քաղաքացին (նախկին 35 տարեկանի փոխարեն):