Սիրիան, Հյուսիսային Կորեան, Ուկրաինան, ինչպես նաեւ ռուս-ամերիկյան երկկողմ հարաբերությունները եղել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի բանակցությունների գլխավոր թեմաները։ Այս մասին բանակցություններից հետո Մոսկվայում ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

Մասնավորապես, նրա խոսքով, Ռուսաստանն ու ԱՄՆ-ը պայմանավորվել են ակտիվացնել ջանքերը Սիրիայում քաղաքական գործընթացների համար պայմաններ ստեղծելու ուղղությամբ եւ Դամասկոսի եւ Սիրիայի ընդդիմության միջեւ անմիջական բանակցությունների հասնելու  համար։

«Այս փուլում ամենակարեւորն այն է, որ մենք պայմանավորվել ենք ակտիվացնել ջանքերը Սիրիայում քաղաքական գործընթացների համար պայմաններ ստեղծելու ուղղությամբ։ Որպես մոտ նպատակ՝ մենք ցանկանում ենք հասնել Ժնեւում կառավարական պատվիրակության եւ ընդդիմության ամբողջ սպեկտորի միջեւ անմիջական բանակցությունների մեկնարկին»,- ասել է նա։

Ռուսաստանն ու ԱՄՆ-ը շարունակելու են համակարգել գործողությունները Սիրիայում հրադադարի ամրապնդման համար, նշել է Լավրովը։ Ինչ վերաբերում է Ուկրաինային, ապա Մոսկվան եւ Վաշինգթոնը միասնական են այն հարցում, որ Մինսկի համաձայնագրերն այլընտրանք չունեն, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը։

Սերգեյ Լավրովը նաեւ նշել է հարցերը, որոնց շուրջ ՌԴ-ն ու ԱՄՆ-ն դեռ տարաձայնություններ ունեն։

«Մենք անդրադարձել ենք գլոբալ անվտանգության մեր երկխոսությանը։ Արձանագրել ենք, որ այստեղ տարաձայնություններ են պահպանվում։ Դա վերաբերում է ՀՀՊ համալիրներին, փոքր եւ միջին հեռահարության հրթիռներին եւ ՆԱՏՕ-ի ընդլայնմանը»,- ասել է Լավրովը։