Ճապոնիայի կառավարության Grant Assistance for Grassroots Human Security Projects (GGP) դրամաշնորհային ծրագրի շրջանակներում, Երեւանում տեղի է ունեցել ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանատան եւ Շվեյցարիայի ականազերծման հիմնադրամի (FSD) հայաստանյան մասնաճյուղի միջեւ Հայաստանում ականների վտանգի իրազեկման մասին դրամաշնորհային պայմանագրի ստորագրման արարողությունը:

Ճապոնիայի կառավարության կողմից պայմանագիրը ստորագրել է ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Էյձի Տագուչին, իսկ Շվեյցարիայի ականազերծման հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի կողմից՝ Շվեյցարիայի ականազերծման հիմնադրամի Գործողությունների բաժնի ղեկավար Վալերիա Ֆաբրիոնին:

Դրամաշնորհի նպատակն է ՀՀ բոլոր դպրոցներում ականների վտանգի մասին իրազեկման հինգ տեսակի թեմատիկ պաստառների, ինչպես նաեւ հայաստանյան բուհերում ԱՎԻ բուկլետների տարածման միջոցով իրազեկել Հայաստանի դպրոցականներին եւ ուսանողներին Հայաստանում առկա ականների վտանգի եւ այդ վտանգից զերծ մնալու՝ անվտանգ վարքագծի կանոնների մասին:

Ստորագրման արարողությանը ներկա էին Հումանիտար ականազերծման եւ փորձագիտական կենտրոն Պետական ոչ առեւտրային կազմակերպության (ՀԱՓԿ ՊՈԱԿ) խորհրդի նախագահ, ՀՀ Պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը, խորհրդի անդամներ՝ ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ Արտաշես Բախշյանը, ՀՀ կրթության եւ գիտության նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը, ինչպես նաեւ Հումանիտար ականազերծման եւ փորձագիտական կենտրոնի աշխատակիցները եւ այլ պաշտոնատար անձինք: