Ռուսաստանում Լեւադա կենտրոնի անցկացրած հարցումները պարզել են, որ ռուսաստանցիները սկսել են դրական վերաբերվել Իոսիֆ Ստալինին։
Օրինակ՝ 2001-ին հարցվածների 38 տոկոսը նշել էր, որ «հիացմունք», «հարգանք» եւ «համակրանք» է տածում Ստալինի նկատմամբ։ 43 տոկոսը «տհաճություն», «վախ» եւ «զզվանք» էր զգում։
2008թ. հոկտեմբերին իրավիճակը սկսեց փոխվել։ Մասնավորապես պակասեց միանշանակ դրական կամ բացասական գնահատականներ տվողների թիվը, եւ մեծացավ նրանց թիվը, որոնք իրենց վերաբերմունքը Ստալինի հանդեպ որակում էին «չեզոք», հայտնում է Gazeta-ն։
2014թ. մարտին հարցվածների 40 տոկոսը Ստալինի մասին դրական կարծիք էր հայտնել, իսկ 19 տոկոսը՝ բացասական։ 2016թ. մարտին հարցվածների արդեն 54 տոկոսը նշել է, որ Ստալինը դրական դեր է խաղացել երկրի պատմության մեջ։
Միաժամանակ նշվում է, որ Հայրենական մեծ պատերազմի ենթատեքստից դուրս Ստալինի անձը բավական սառն է ընկալվում։ Մեծ մասը նրան ժողովուրդների մեծ առաջնորդ չի համարում։ Հարցվածները նշել են, որ չէին ցանկանա ապրել եւ աշխատել նման ղեկավարի օրոք։





























