Միգրացիոն ճգնաժամը ընդամենը խաղաքարտ է Թուրքիայի ձեռքին, որն ուզում է դրա միջոցով սեփական կշիռը բարձրացնել ու օգուտ քաղել, ոչ ավելին: Այս մասին մարտի 25-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է արեւելագետ Սուրեն Մանուկյանը:

Նա հիշեցրել է, որ Եվրոպան քննադատում է Թուրքիայի քայլերը, բայց միշտ փող է տալիս նրան: «Հիմա Թուրքիան իրականացնում է այն նույն ժողովրդագրական քաղաքականությունը, ինչը ժամանակին հայերի նկատմամբ է իրականացրել. Չինաստանում թուրքիայի դեսպանատունը ույգուրներին անձնագրեր է տվել, որպեսզի նրանք բնակություն հաստատեն քրդական տարածքներում»,- նշել է Մանուկյանը: Միգրացիոն ճգնաժամը, հավելել է արեւելագետը, ընդամենը թուրքական գործիք է, ու ոչ մի կառուցողական ծրագրի մասին խոսք լինել չի կարող:

Հիշեցնենք,ո ր Թուրքիան ու Եվրամիությունը համաձայնագիր են կնքել միգրացիոն ճգնաժամի կարգավորման նպատակով: Բրյուսելը Անկարային մոտավորապես 3 մլրդ եվրո է տալու, արագացնելու է ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության բանակցությունները եւ հունիսից Թուրքիայի քաղաքացիների համար առանց վիզայի ռեժիմ է սահմանելու: