Անհրաժեշտ է Երեւանի եւ Էլ Քուվեյթի միջեւ ավիաչվերթներ իրականացնել: Այս մասին, այսօր՝ մարտի 24-ին, տարեցների խնամքի և վերականգնման Երևանի թիվ 1տուն-ինտերնատի նոր մասնաշենքի բացման ժամանակ նշել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: բացմանը ներկա են եղել նաեւ Քուվեյթի արդարադատության, կրոնական կալվածքների և իսլամական հարցերի նախարար Յաքուբ Աբդ ալ-Մոհսեն ալ-Սանիեն, ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ:

Հովիկ Աբրահամյանն անհրաժեշտ է համարել գործարար կապերի սերտացման ուղղությամբ հետեւողական քայլերի իրականացումը:

Քուվեյթի Պետության արդարադատության, կրոնական կալվածքների եւ իսլամական հարցերի նախարար Յաքուբ Աբդ ալ-Մոհսեն ալ-Սանիեն նշել է, որ իր երկիրը մեծապես կարեւորում է Հայաստանի հետ կապերի ընդլայնումը եւ պատրաստ է ներդրումային ծրագրերի իրականացման նպատակով քննարկել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր ու նախագծեր: