Մեր նպատակն է, որ մեր երկիր միայն միջազգային չափորոշիչներին համապատասխան սննդամթերք մտնի: Այս մասին, այսօր՝ մարտի 25-ին, ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության «Հանրապետական անասնաբուժասանիտարական եւ բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» («ՀԱԲԼԾԿ») ՊՈԱԿ այցելության ժամանակ նշել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

«Դա գերակա խնդիր է մեզ համար, եւ մենք ձեռնամուխ ենք լինելու, որպեսզի բոլոր վերահսկողական ֆունկցիաներն իրականացվեն ժամանակին եւ արդյունավետ, բայց եւ չխաթարվի բիզնեսի գործունեությունը», -ընդգծել է վարչապետը լրագրողների հետ զրույցում:

Կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ շրջայցի ընթացքում վարչապետը ծանոթացել է կենտրոնի գործունեության ուղղություններին, աշխատանքային պայմաններին, իրականացվող բարեփոխումներին եւ տեխնիկական վերազինման շարունակական գործընթացին: Կենտրոնի տնօրեն Արման Գեւորգյանը նշել է, որ 2015-2016 թթ. կենտրոնը համալրվել է գերճշգրիտ սարքավորումներով եւ աշխատանքային միջոցներով: Նրա խոսքով՝ սարքավորումները հանդիսանում են Հայաստանում, որոշ դեպքերում՝ նաեւ տարածաշրջանում եզակի, ինչը նպաստում է մթերքի եւ հումքի նկատմամբ պատշաճ վերահսկողության իրականացմանը՝ ինչպես Եվրասիական տնտեսական միության, այնպես էլ Եվրոպական միության նորմատիվ պահանջներին համապատասխան:

Նշենք, որ ՀՀ եւ ՌԴ միջեւ 2015 թ. մայիսի 21-ին ստորագրված համաձայնագրի շրջանակում «ՀԱԲԼԾԿ» ՊՈԱԿ-ի Սննդամթերքի անվտանգության հետազոտությունների լաբորատորիան հագեցվել է 184 մլն 808 հազար ռուբլի արժողությամբ մի շարք նորագույն հետազոտական համակարգերով՝ ալկոհոլային արտադրանքում, կաթի, հյութերի որակի որոշման եւ կեղծիքների բացահայտման համար օգտագործվող իզոտոպային եզակի համակարգով, ինչպես նաեւ ժամանակակից այլ սարքավորումներով: Համաձայնագրով նախատեսված աշխատանքները կավարտվեն 2018 թվականին՝ համալրելով «ՀԱԲԼԾԿ» ՊՈԱԿ-ի կենտրոնական կառույցը եւ ընդգրկելով նաեւ որոշ մարզային կենտրոններ:

Հովիկ Աբրահամյանը շրջել է նաեւ Բուսասանիտարական հետազոտությունների լաբորատորիայի հսկիչ-թունաբանական բաժնում, որը կառուցվել եւ համալրվել է ժամանակակից սարքավորումներով Հունաստանի կառավարության եւ ՄԱԿ-ի Պարենի եւ Գյուղատնտեսության կազմակերպության համատեղ ծրագրի շրջանակում: Նշվել է, որ այն Հայաստանում առաջին եւ հագեցվածությամբ միակ լաբորատորիան է, որը թույլ է տալիս միջազգային մեթոդներին համապատասխան իրականացնել բույսերի պաշտպանության միջոցների ազդող նյութերի փորձաքննություններ:

Լրագրողների հետ ճեպազրույցում կառավարության ղեկավարը կարեւորել է կենտրոնի վերազինումը՝ ընդգծելով, որ կատարված մեծ աշխատանքը կնպաստի անասնաբուժության եւ բուսասանիտարիայի ոլորտներում փորձաքննությունների արագ եւ արդյունավետ իրականացմանը, ինչը մեծ կարեւորություն ունի բիզնեսի անխաթար գործունեության համար: Հովիկ Աբրահամյանը կարեւորել է նաեւ անհրաժեշտության դեպքում կենտրոնի համալրումը համապատասխան մասնագետներով, ինչը թույլ կտա ճիշտ որոշումներ կայացնել:

Նշենք, որ «Հանրապետական անասնաբուժասանիտարական եւ բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ն ստեղծվել է 2011 թ. եւ Հայաստանի ողջ տարածքում գործունեություն է ծավալում երեք հիմնական ուղղությամբ՝ սննդամթերքի անվտանգություն, բուսասանիտարիա եւ անասնաբուժություն: 2015 թ. լաբորատորիան իրականացրել է շուրջ 1 մլն 100 հազար փորձաքննություն: