Քաղաքացիական ակտիվիստ, դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու մեջ մեղադրվող Վարդգես Գասպարիի պաշտպաններն այսօր մարտի 25-ին, միջնորդություն ներկայացրին  գործով դատաքննությունը կասեցնել եւ դիմել Սահմանադրական դատարան` կիրառման ենթակա օրենքի սահմանադրականության հարցի պարզման նպատակով:

«Գործ ունենք Սահմանադրությանը հակասող  օրենքի հետ, որը պատրաստվում եք կիրառել մեր պաշտպանյալի նկատմամաբ: Մենք միջնորդում ենք կասեցնել սույն գործով քննությունը այնուհետեւ պետք է համապատասխան դիմումով դիմեք Սահմանադրական դատարան` կիրառման ենթակա օրենքի սահմանադրականության հարցի պարզման նպատակով, հակառակ դեպքում Դուք կխախտեք նույն Սահմանադրությունը, որով պարտավոր եք ապահովել Ձեր գործունեության կիրառական պրակտիկայի ընթացքում քաղաքացիների սահմանադրական իրավունքները»,-այս մասին  Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում ասաց  Վարդգես Գասպարիի պաշտպան Տիգրան Եգորյանը:

Դատարանը միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու համար հեռացավ խորհրդակցական սենյակ:

Հիշեցնենք, որ Վարդգես Գասպարին մեղադրվում է վարչական գործով նշանակված դատական նիստի ժամանակ դատավարությանը մասնակցող ոստիկանության ներկայացուցիչների եւ դատական նիստը նախագահող դատավորի հասցեին վիրավորական արտահայտություններ հնչեցնելու մեջ: