Երեւանի Ազատության հրապարակում Ամանորի գիշերը ոստիկանի նկատմամբ բռնություն կիրառելու մեջ մեղադրվող Գեւորգ Սաֆարյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանն այսօր՝ մարտի 25-ին, ինքնաբացարկ է ներկայացրել Սաֆարյանի կալանքը երկարացնելու վերաբերյալ միջնորդությունը քննող դատավորին: Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանին բացարկ ներկայացնելու պատճառը, ըստ փաստաբանի, նրա կողմնակալ վերաբերմունքն է:

«Նույն դատավորն է նախորդ անգամ երկարացրել Գեւորգ Սաֆարյանի կալանքը: Չնայած մեր բերած բազմաթիվ հակափաստարկներին, դատավորը նման անհիմն որոշում էր կայացրել ու մենք հիմա լուրջ կասկածներ ունենք, որ ինքը կողմնակալ վերաբերմունք է ցուցաբերում»,-  լրագրողներին ասաց փաստաբանը՝ նշելով, որ դատարանը հեռացել է միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու:

Նշենք, որ ի պաշտպանություն Գեւորգ Սաֆարյանի՝ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամները բողոքի ակցիա են իրականացնում դատարանի առջեւ: Նրանք իրենց հետ են բերել Գեւորգ Սաֆարյանի լուսանկարով պաստառներ:

Նշենք, որ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամ, ոստիկանի նկատմամբ բռնություն կիրառելու մեջ մեղադրվող Գեւորգ Սաֆարյանի գործը ուղարկվել է լրացուցիչ քննության: Գործի նախաքննությունն ավարտվել էր, սպասվում էր, որ այն պետք է ուղարկվի դատարան: Եթե քննիչը նոր միջնորդություն չներկայացնի Սաֆարյանը ապրիլի 1-ից ազատության մեջ կլինի, քանի որ այդ օրը լրանում է կալանքի ժամկետը:

Հիշեցնենք, որ Երեւանի Ազատության հրապարակում Ամանորի գիշերը ընդդիմադիր «Նոր Հայաստանի» անդամների եւ ոստիկանների միջեւ բախումներ էին տեղի ունեցել: Պատճառը տոնածառի հագուստով մայրաքաղաքի փողոցներում շրջող ակտիվիստն էր: Երեք անձ բերման էր ենթարկել, այդ թվում՝ Գեւորգ Սաֆարյանը: Գեւորգ Սաֆարյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 316-րդ հոդվածի 1-ին մասով՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը: Ըստ իրավապահ մարմինների` Գեւորգ Սաֆարյանը բռնություն է գործադրել Ոստիկանության 4-րդ հատուկ գումարտակի հրամանատար, ոստիկանության կապիտան Գեղամ Խաչատրյանի նկատմամբ: