Արտաշատի խճուղու վրա 270 մ երկարությամբ էստակադայի շինարարությունն ավարտական փուլում է: Երեւանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանն աշխատանքային շրջայցի ընթացքում հետեւել է քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի Տրանշ 1-ի շրջանակում կառուցվող Արտաշատի խճուղի - Շիրակի փողոց ճանապարհահատվածի շինարարական աշխատանքների ընթացքին: Հիշեցնենք, որ վերոնշյալ ծրագրի նպատակը միջազգային չափանիշներին համապատասխանող Երեւանի հարավային ավտոճանապարհային դարպաս ունենալն է: Ասիական զարգացման բանկի վարկային ծրագրի շրջանակում 8-9 մետր բարձրությամբ լիցքի վրա կառուցվող շրջանաձեւ երթեւեկությամբ ճանապարհը կկապի Արշակունյաց պողոտան Շիրակ փողոցին։ Լիցքի մեջ կառուցվում են նաեւ 2 թունելային ուղեանցեր՝ երկաթուղու եւ Նորագավիթ 1-ին փողոցի երթեւեկությունն ապահովելու համար։ Ճանապարհների հանդիպակաց երթեւեկելի գոտիները տարանջատվելու են «նյու ջերսի» տիպի երկաթբետոնե կառուցվածքներով։

Զեկուցվել է, որ Արտաշատի խճուղու երկաթուղային գծանցի վրայով կառուցվող 270 մ երկարությամբ եւ մոտ 9 մ բարձրությամբ էստակադայի շինարարական աշխատանքներն արդեն ավարտական փուլում են։ Առաջիկայում կմեկնարկեն նաեւ հետիոտնային վերգետնյա անցման կառուցման աշխատանքները:

Վահե Նիկոյանը պատասխանատուներին հանձնարարել է ամենօրյա հսկողության տակ պահել աշխատանքների որակն ու հետեւել, որ գործընթացն ավարտվի նախատեսված ժամկետում:

Հարկ է նշել, որ Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի շրջանակում 2014թ. առաջին փուլով ամբողջովին վերակառուցվեց Արշակունյաց պողոտայի Աշխատանքի հրապարակից մինչեւ Շիրակի փողոց ընկած 1.3 կմ հատվածը, որի շրջանակում լայնացվեց այդ հատվածը, ամբողջությամբ փոխվեցին ենթակառուցվածքները՝ ջրագծեր, կոյուղատարներ, էլեկտրագծեր, նաեւ եվրոպական չափանիշների համաձայն արդիականացվեց ճանապարհի լուսավորության համակարգը՝ այն վերազինելով էներգախնայող LED տիպի լուսատուներով։