Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի երկրամասում վթարից տուժած Այվազյանների ընտանիքի հայրը՝ Արթուր Այվազյանը, մարտի 23-ին դատարանի դահլիճից տեղափոխվել է մեկուսարան։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց ընտանիքի աջակիցներից Սմբատ սարկավագ Խանվելյանը։

Նրա խոսքով՝ Արթուր Այվազյանը, որը վթարի գործով տուժող է, դատարանի որոշմամբ 14-օրյա կալանքի է ենթարկվել, դատավորի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու պատճառաբանությամբ։

«Դատին որպես տուժող կողմ ներկա են եղել Արթուր, Հմայակ եւ Լաուրա Այվազյանները, սակայն նրանց դատից հետո ձերբակալել են։ Երեխաներին ավելի ուշ բաց են թողել, հորը տեղափոխել են մեկուսարան։ Ասել են՝ իբր հայհոյել են դատավորին, բայց իրենք ձայնագրել են ամբողջ դատը, ասում են, որ չկա նման բան եւ սա զուտ ազգային խտրականություն է հայերի նկատմամբ»,-նշեց սարկավագը։

Ըստ Սմբատ Խանվելյանի՝ Այվազյանները պնդում են, որ դատավորը «կաշառված» է, նրանց խոսքով, վթարի մեղավոր ռուսների կողմից, եւ նման որոշում է կայացրել հօգուտ վերջիններին դատական ակտ կայացնելու նպատակով։

«Գործ են սարքել իրենց գլխին, ճնշումներ են գործադրում, որպեսզի ավտովթարի դատն իրենց ցանկությամբ գնա։ Ինչպես տեսնում ենք, հակառակ կողմը դատավորին կաշառել է»,-նշեց նա։

Սմբատ Խանվելյանը հավելեց, որ հայ համայնքի ներկայացուցիչը կալանավորված Արթուր Այվազյանին տեսակցել է մեկուսարանում եւ խոստացել է համայնքի ղեկավարության անունից փաստաբան վարձել նրա համար։

«Հայ համայնքից խոստացել են փաստաբան տրամադրել, բայց այդ մարդը երկրորդ օրն է՝ մեկուսարանում է, ռեալ ոչ մի օգնություն չի ցուցաբերվել։ Գոնե մեկը գտնվեր նրանց իրավական օգնություն ցուցաբերեր, կամ գումար տրամադրեին, իրենք փաստաբան վարձեին»,-ասաց սարկավագը։

Փաստաբան Հովիկ Արսենյանը հստակեցրեց, որ Արթուր Այվազյանը ենթարկվել է վարչական կալանքի, ինչը ՌԴ օրենսդրությունը թույլ է տալիս։

«Ընտանիքի կարծիքն է, որ դատավորը կաշառված է, բայց նա ընդամենը սանկցիա է կիրառել տուժողի նկատմաբ։ Դատարանում կարգ ու կանոնը խախտելու համար դատավորը կարող է նման որոշում կայացնել»,-պարզաբանեց փաստաբանը։

Նշենք, որ վթարից Այվազյանները մեծապես տուժել են։ Դեպքից հետո Այվազյանները ծանր կացության մեջ են հայտնվել` զրկվելով ոչ միայն աշխատանքի համար խիստ անհրաժեշտ մեքենայից, այլեւ աշխատելու ունակությունից: Ընտանիքի հայրը՝ 52-ամյա Արթուր Այվազյանը, 50-ամյա Արմենուհի Այվազյանը, նրանց 28-ամյա որդին՝ Հմայակ Այվազյանը  եւ դուստրը՝ 25-ամյա Լաուրա Այվազյանը, մարմնական ծանր վնասվածքներ են ստացել: Այվազյանները պնդում են, որ վթարի մեղավորը ռուս վարորդն է։

Ընտանիքը դիմել է Ռուսաստանի Հայերի միության նախագահ Արա Աբրահամյանին, որից, սակայն, որեւէ արձագանք չեն ստացել: Նրանք երկար ժամանակ գործազուրկ են, եւ շատ հաճախ նրանց ուտելիք են տանում հարեւանները։