-«Կավի՞ճ»

-Հա՞

- Քեզնով կարելի՞ է գրել։

-Ոչ, չի կարելի, ինձնով միայն ես՝ «Կավիճս», կարող եմ գրել։

Ինքը՝ «Կավիճը», 25-ամյա երաժիշտ Վաչե Ղարիբյանն է: Այնքան է ինքն իրենով գրել, ու լավ, որ երկրպագուները խնդրել, չէ´, պահանջել են համերգ տալ:

Կավիճն էլ բռնել ու տվել է: Անվճար` նվեր-համերգ, սկզբում մեկը` հետո եւս մեկը, որովհետեւ երկրպագուների նամակներից հասկացել է`շատերը եկել են առաջին համերգին, տեղ չի եղել, հետ են գնացել, երկրորդին են եկել, էլի տեղ չի եղել, հիմա էլ երրորդն են պահանջում:

Համերգը նվեր է եղել, քանի որ «Կավիճը գաղափար չի ունեցել` ովքեր կգան, կգա՞ն արդյոք, թե՞ չէ: Բայց եկել են ու շատերը, մտերմացել են ոչ թե youtube-ով, այլ բեմից երգող «Կավիճի» հետ: Խոսել են, հետո երգել, երգել են ու խնդրել` էն մի երգը` «Մոխրամանը», երեք անգամ երգել: Որովհետեւ շատ են սիրում, որովհետեւ հենց էդ երգի համար են շատերը եկած եղել: «Կավիճն» էլ երգել է, որ երկրպագուները «կշտանան, հանկարծ, սոված տուն չգնան»:

«Կավիճի» համար երկրպագուների հետ հանդիպումը` համերգը, նման չի եղել ոչ մի բանի` ոչ առաջին սիրուն, ոչ առաջին սեքսին, ոչ էլ չհամտեսած միրգն առաջին անգամ համտեսելուն:

Մոլորակի վրա առանձին մի կետ է ստեղծվել, դռներից այն կողմ ուրիշ կյանք, ներսում` լրիվ ուրիշ աշխարհ, որտեղ շատ անհասկանալի պատճառներով բոլորը հասկացել են ու սիրել ինքն իրենով ու իրենց համար գրող ու երգող «Կավիճին»:

Բայց մեր «Կավիճը» համերգից առաջ չի էլ մտածել` երկրպագուները կմնան, թե կգնան, կկանգնեն, թե կնստեն, կպարեն, թե իր հետ հավասար երգերը կերգեն: 

«Երգերը, երգերը, ո՞րն ա լավ երգ, ո՞րը երգեմ, ախր լավ երգ չկա, չէ, էս մեկը ոնց որ լավն ա, բեր, նվագեմ»,- մտածել է ինդիաէլեկտրոռոքափոփախառն «Կավիճը»:

Հետո «Կավիճը» իրեն իր ափսեում է զգացել, հարազատներով է շրջապատված եղել: Եղել է` երգը «ֆալշ» նոտայից է սկսել, հետո անցել է մի ուրիշ երգի, իսկ երկրպագուները, (ավելի շատ) երկրպագուհիները ժպտացել են, սիրել ու հասկացել իրենց «Կավիճին», «Մոխրամանի»  ու «Տիեզերքի փոշու» իրենց տիրակալին, որը խոստանում է` առաջիկայում երրորդ համերգը կլինի:

Իսկ Կավիճի երրորդ ալբոմի սկիզբը տրվել է մարտի 19-ին` «Նոր օր» երգով:

Լուսանկարը` Հրանտ Սահակյանի