1993թ. ապրիլի 17-ը մեկընդմիշտ փոխում է ազատամարտիկ Մայիս Հարությունյանի կյանքի ուղին. Արցախյան ազատամարտի մասնակիցն ու հերոսը այդ օրը Վերին Ճամբարակում ականի պայթյունից վիրավորվում է, դառնում առաջին կարգի հաշմանդամ:

Ազատամարտիկը պատմում է, որ մինչեւ այդ էլ էր վիրավորվել, բայց ականի պայթյունն ամենասարսափելին ու դաժանն էր:

«Մարմինս չկար, բժիշկները զրոյից հավաքել են: Հույս չէին տալիս, ասում էին` քո հույսն Աստված է: Մի աչքս պրոթեզ է, ոտքիս մատերից են կտրել-դրել ձեռքիս վրա, որ գոնե գրիչ, սիգարետ կարողանամ բռնել»,- ասում է նա:

52-ամյա Մայիս Հարությունյանի խոսքով` ականի պայթյունի հետեւանքով ոտքի, սրտի, թոքի, գլխի տարբեր հատվածներում մնացած բեկորներն այսօր էլ իրենց զգացնել են տալիս: Ամենաանհանգստացնողն ու ցավոտը, սակայն, սրունքի բեկորն է, որը վերջին շրջանում սկսել է շարժվել:

«Որ շարժվում է, ահավոր ցավեր են սկսվում: Գնացի բժշկի, ասին` ներվի վրա է, որ վիրահատեն, կարող է ներվին կպչեն, ոտքս անշարժանա: Ասին` գնա, ինչքան կարաս, էդքան քո երեխեքի համար ապրի»,- ասում է ազատամարտիկը:

11 տարիների ընթացքում 32 անգամ վիրահատության է ենթարկվել, որից միայն 17-ը` գլխի:

Աազատամարտիկը պատերազմի ու դրանից հետո ունեցած դժվարությունների մասին նախընտրում է քիչ խոսել, փոխարենը պատմում է զավակների ու նրանց հաջողությունների մասին:

«Երկու աղջիկս ամուսնացել են, իրենց ընտանիքներն ունեն, մի աղջիկս Երեւան համալսարանում է սովորում, էն մյուսը` քոլեջում: Վարձը տալու համար ուսանողական վարկ ենք վերցրել, տոկոսները փակում ենք, բայց մայր գումարն էդպես էլ մնում է, մինչեւ ինքը կավարտի, կփակի»,- ասում է Մայիս Հարությունյանը:

Ազատամարտիկն ամսական 90.000 դրամ թոշակ է ստանում, որից միայն 30.000 դրամով անհրաժեշտ դեղորայքն է գնում:

«Պոլիկլինիկան դեղեր տալիս է, բայց էնքան անորակ են, որ չեն էլ օգնում: Դիմադրողականությունը շատ ցածր է, ճնշումն ընկնում է մինչեւ 50-40, թուլանում, ընկնում է: Մի քանի տարի առաջ 10 ամպուլան 70.000 դրամով եմ առել, հիմա չեմ կարողանում առնել, որ գոնե սրսկվի, մի քիչ վիճակը լավանա»,- ասում է նրա կինը՝ տիկին Սոֆյան:

Մայիս Հարությունյանը հաստատակամ է մի հարցում` պատերազմ լինելու դեպքում կրկին մեկնելու է ռազմաճակատ ու պաշտպանի հայրենիքը:

«Աստված չանի, որ նորից պատերազմ լինի, էլի գնալու եմ, մեր ղեկավարներն ուշադրություն չեն դարձնում մեզ, բայց ժողովուրդն ի՞նչ մեղք ունի: Էլի գնալու եմ իմ երեխեքին, իմ ընտանիքը, իմ ազգը պաշտպանեմ»,- ասում է նա:

Տաթեւ Սարգսյան