Գյումրիի Ավստրիական մանկական հիվանդանոցի ծննդաբերական բաժանմունքում 2014թ-ի մայիսին ծննդաբերության ժամանակ մահացած 38-ամյա Կարինե Պապանյանի գործով դատախազը համաձայն չէ դատարանի կայացրած որոշման հետ, որով պահանջվում է վերաբացել գործը:

«Դատախազությունը դատարանի կայացրած որոշումը կարող էր բողոքարկել 10-օրյա ժամկետում: Հենց այս ժամկետի վերջին օրն էլ դատախազը վերաքննիչ բողոք ներկայացրեց՝ նշելով, որ քննությունն իրականացվել է պատշաճ կերպով, փորձաքննություններն օբյեկտիվ են արվել, նույնիսկ վերջին փորձաքննությանը տուժողի կողմը հրաժարվել է մասնակցել»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Կարինե Պապանյանի ամուսնու՝ տուժող իրավահաջորդ Սամվել  Հովհաննիսյանի ներկայացուցիչ Աննա Դավթյանը:

Նշենք, որ մահացած կնոջ ամուսինը դիմել էր դատարան՝ բողոքարկելով կնոջ մահվան առթիվ հարուցված գործը անհիմն կարճելու որոշումը: Սամվել Հովհաննիսյանը, կնոջ մահվան համար մեղադրում էր կնոջ հղիության ընթացքին հետևող բժիշկ Վահագն Մադոյանին՝ պահանջելով նրան ենթարկել պատասխանատվության: Դատարանը բավարարել էր բողոքը:

«Մենք համոզված ենք, որ բժշկի անփութության հետեւանքով է մահացել Կարինե Պապանյանը»,- ասաց Աննա Դավթյանը:

Հիշեցնենք, որ Կարինե Պապանյանի ծննդաբերության ժամանակ ծնունդն ընդունող բժիշկը եղել է Վահագն Մադոյանը, որը անցած տարի կալանավորվել էր ոստիկանների հետ վիճաբանելու պատճառով։ Բժշկի դեմ քրեական գործ էին հարուցվել ՀՀ Քրեական օրենսգրքի 316 հոդվածի 1-ին մասով (իշխանության ներկայացուցչին դիմադրություն ցույց տալը) եւ կալանավորել: Ավելի ուշ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը փոխել էր խափանման միջոցն ու նրան ազատ արձակել 1 միլիոն դրամ գրավի դիմաց, գործը փակվել էր:

Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ ծննդաբերության ժամանակ առաջացած բարդության հետեւանքով մայիսի 28-ին Գյումրու «Մոր և մանկան» ավստրիական հիվանդանոցի ծննդաբերական բաժանմունքում ծննաբերելիս մահացել են 38-ամյա Կարինե Պապանյանը եւ նրա երեխան։ Սա 38-ամյա կնոջ երրորդ հղիությունն էր. նա ուներ երկու երեխա՝ 15 եւ 17 տարեկան։ Հիվանդանոցում պնդում են, որ Կարինեին փրկել հնարավոր չէր, քանի որ նրա մոտ ծննդաբերելիս առաջացել էր պտղաջրային էմբոլիա։ Մինչդեռ Կարինեի հարազատները վստահեցնում են, որ կինը մահացել է բժիշկների անուշադրության պատճառով:

1,5 տարի գործը քննելուց հետո որոշում էր կայացվել կարճել այն: