Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Նարեկացի փողոցն ընդգրկված է Վանաձոր-Բագրատաշեն Մ-6 միջպետական ճանապարհի կառուցման ծրագրում:
Նախնական տվյալներով՝ շինաշխատանքները կսկսվեն մայիսի սկզբին, մինչդեռ Նարեկացի փողոցին կից շենքերի բնակիչները դեմ են ճանապարհի նորոգմանը: Նրանք պնդում են, որ բեռնատար մեքենաների անցնելու ժամանակ շենքի պատերն այնպես են ցնցվում, ասես՝ երկրաշարժ լինի:
«Էդ ծանր ավտոները որ անցնում են, ամբողջ պատերը շարժվում են: Էնտեղ ոչ նստել կարելի ա, ոչ քնել, անընդհատ դղրդում ա շենքը»,- ասաց շենքի բնակիչներից Հրանտ Բաբայանը:
Հենց այս մտավախությամբ Նարեկացի 43 շենքի բնակիչները օրերս դիմել են Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանին, որ վերջիններին հայտնել է, թե դա միջպետական ճանապարհ է եւ քաղաքապետարանը որեւէ առնչություն չունի այդ ճանապարհի հետ:
Վանաձորի քաղաքապետի տեղակալ Նորիկ Սարդարյանը, այնուամենայնիվ, բնակիչներին տեղեկացրել է, որ ճանապարհի կառուցման հետ կապված հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքաշինության ու ճարտարապետության բաժնի պետի տեղակալը՝ Աշիկ Ղուկասյանն արդեն իսկ հանդես է եկել այլընտրանքային ճանապարհը նորոգելու առաջարկով, որը պետք է քննարկվի:
Թաղամասում ապրողները, սակայն, վճռական են տրամադրված: Ասում են՝ եթե իրենց կարծիքը հաշվի չառնեն, ճանապարհը կփակեն:



























