Երեւանն այս օրերին հայտնվել է «Մեդիապոլիգոն. Երեւան-24» ծրագրի շրջանակում մայրաքաղաք այցելած հայ եւ ռուս շուրջ 80 լրագրողների դիտակետում: Իննովացիոն կրթական այս ծրագիրը ներառում է «Երեւան-24» խորագրով յուրահատուկ մի միջոցառում, որի ընթացքում 24 ժամ անընդմեջ ծրագրի մասնակից երիտասարդ լրագրողները ներկայացնելու են Հայաստանի մայրաքաղաքի կյանքը՝ վաղ առավոտից մինչեւ հաջորդ առավոտ:
Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի տարբեր վարչությունների, ստորաբաժանումների, ինչպես նաեւ տարբեր ծառայությունների գործունեությանը ծանոթանալուց զատ, նախագծում ներգրավված լրագրողները կայցելեն նաեւ հիվանդանոց, ծննդատուն, թանգարան, դպրոց, մանկապարտեզ, մարզական, մշակութային եւ այլ հաստատություններ: Քաղաքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչները կաջակցեն մասնակիցներին, կուղեկցեն նրանց տարբեր հիմնարկներ, կներկայացնեն քաղաքային տնտեսության տարբեր ոլորտների գործունեությունը:
Արդյունքում Երեւանի մասին պատմող, երեւանյան առօրյան ներկայացնող նյութերը 24 ժամվա ընթացքում կհրապարակվեն «Ռուսսկի ռեպորտյոր» ամսագրի, ինչպես նաեւ ծրագրի գործընկեր «Արմինֆո» լրատվական գործակալության կայքերում՝ 24.rusrep.ru եւ arminfo.info հղումներով:
Ի դեպ, մոսկովյան «Էքսպերտ» մեդիահոլդինգի՝ «Ռուսսկի ռեպորտյոր» ամսագրի կողմից անցկացվող «Մեդիապոլիգոն. Երեւան-24» նախագիծը թվով իններորդն է: Մինչ Երեւանը, «Մեդիապոլիգոն» կրթական ծրագիրն անցկացվել է Ռուսաստանի Բելգորոդ, Կալինինգրադ, Նովոսիբիրսկ, Կազան, Եկատերինբուրգ, Ուֆա, Պերմ, Չելյաբինսկ եւ Սամարա քաղաքներում, ինչպես նաեւ Բելառուսի մայրաքաղաք Մինսկում:
Հարկ է նշել, որ նախագծի շրջանակում Երեւան են ժամանել Ռուսաստանի մի շարք հայտնի լրագրողներ, ովքեր, ինչպես նաեւ Հայաստանի ճանաչված մի շարք մասնագետներ, շուրջ մեկ շաբաթ վարպետաց դասեր կանցկացնեն ուսանողների հետ:





























