Ռուսաստանն ու Սաուդյան Արաբիան համաձայներել են դիրքորոշումները նավթի արդյունահանումը սառեցնելու շուրջ: Այս մասին «Ինտերֆաքս»-ին հաղորդել է Քաթարում դիվանագիտական աղբյուրը: Նրա խոսքով, կողմերին հաջողվել է համաձայնության հասնել առանցքային հարցի շուրջ. Սաուդյան Արաբիան նավթի արդյունահանման ծավալները սառեցնելու մասին որոշում կկայացնի՝ առանց հաշվի առնելու Իրանի դիրքորոշումը:
Ապրիլի 1-ին Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազնի տեղակալ եւ պաշտպանության նախարար Մոհամմեդ բին Սալմանը հայտարարել էր, որ իր երկիրը նավթի արդյունահանման ծավալները սառեցնելու մասին համաձայնությանը կմիանա միայն այն դեպքում, եթե Իրանն ու այլ խոշոր արդյունահանողներ նմանատիպ որոշումներ կայացնեն:
Իրանը բազմիցս հայտարարել է, որ հարցը չի քննարկի այնքան ժամանակ, մինչեւ իր արդյունահանումն ու արտահանումը հասնի մինչեւ պատժամիջոցները գոյություն ունեցող մակարդակին:
2016 թվականի փետրվարին Ռուսաստանը, Սաուդյան Արաբիան, Վենեսուելան եւ Քաթարը պայմանավորվել էին նավթի արդյունահանման ծավալները սառեցնել 2016 թվականի հունվարի մակարդակում՝ պայմանով, որ այլ նավթ արդյունահանողներ կսատարեն առաջարկը:
ՌԴ էներգետիկայի նախարարությունում հայտարարել էին, որ առաջարկն արժանացել է 15 երկրի հավանությանը: Նախարար Ալեքսանդր Նովակի խոսքով, ապրիլի 17-ին Դոհայում նախանշված հանդիպմանը կարող է այդ հարցի շուրջ համաձայնություն ստորագրվել:




























