Հայաստանում վերջին շրջանում տեղի ունեցած մի շարք ծանր ճանապարհատրանսպորտային պատահարների համատեքստում վարորդների նկատմամբ պահանջները կխստացվեն։ Այս մասին նոյեմբերի 5-ի ճեպազրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Պատասխանելով ճանապարհների արտաքին լուսավորության անհրաժեշտության մասին հարցին՝ վարչապետը նշել է, որ նախատեսվում է լուսավորություն ապահովել Երևան–Դիլիջան ճանապարհին, ինչպես նաև Հյուսիս–հարավ ճանապարհի Աշտարակ–Գյումրի հատվածի որոշ մասերում։

Միաժամանակ կշարունակվեն երթևեկության անվտանգության բարձրացմանն ու ճանապարհային երթևեկության կանոնների պահպանմանն ուղղված աշխատանքները։ Փաշինյանի խոսքով՝ վարորդական վկայական ստանալու պահանջների խստացումը պայմանավորված է հենց այս նպատակներով։

Նախօրեին ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը հայտարարել էր վարորդական վկայական ստանալու համար դասընթացներ անցնելու պարտադիր պահանջը վերականգնելու ծրագրերի մասին։