Գերմանական ավտոմոբիլային Volkswagen կոնցեռնը համաձայնել է փոխհատուցում վճարել ԱՄՆ-ից մեքենաների այն սեփականատերերին, որոնք «դիզելային սկանդալի» մաս են կազմել, գրում է Gazeta-ն` վկայակոչելով Die Welt-ին:

Հաղորդվում է, որ այն մեքենաների սեփականատերերը, որոնք զինված են եղել ծրագրային սխալ ապահովմամբ,  5 հազարական դոլար կստանան: Այդ գումարից բացի,   Volkswagen-ը պարտավոր կլինի վճարել փոխադրամիջոցների վերանորոգման համար:  

Տվյալ որոշումը մեկը կլինի ավտոարտադրողի եւ ամերիկյան իշխանությունների միջեւ համաձայնագրի կետերից, գրում է թերթը: 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ «դիզելգեյթից» հետո Volkswagen-ի վնասը գրեթե  4 մլրդ դոլար է կազմել:

Volkswagen-ի շուրջ «դիզելային սկանդալը» բորբոքվել էր 2015-ի սեպտեմբերին: ԱՄՆ-ի շրջակա միջավայրի պահպանության գործակալությունը ընկերությանը մեղադրել էր նրա համար, որ դիզելային շարժիչներով մեքենաներում տեղադրված ծրագրային ապահովումը թույլ էր տալիս թեստավորման ընթացքում թաքցնել արտաժայթքման մեջ թունավոր նյութերի առկայության իրական տվյալները: Սովորական շահագործման դեպքում ազոտի օքսիդի արտանետման ծավալը կարող  է  40 անգամ գերազանցել բնապահպանական նորմերը: