Գերմանական Volkswagen AG ավտոկոնցեռնը 2016 թվականի առաջին եռամսյակի ավտոմեքենաների վաճառքի առաջատար է դարձել՝ շրջանցելով Toyota Motor Corp.-ին, որը վերջին 4 տարիներին գլխավորում էր խոշորագույն ավտոարտադրողների ցանկը: Այս մասին գրում է «Ինտերֆաքս»-ը:

Toyota-ի ավտոմեքենաների գլոբալ վաճառքի ծավալները հունվար-մարտին կրճատվել են 2.3%-ով՝ հասնելով 2.46 մլն-ի: Այս մասին Bloomberg գործակալությանը հաղորդել է ճապոնական ընկերության ներկայացուցիչ Կայո Դոյը:

Համեմատության համար. Volkswagen-ի համաշխարհային վաճառքի ծավալներն առաջին եռամսյակում աճել են 0.8%-ով՝ հասնելով 2.5 մլն ավտոմեքենայի:

Փետրվարին Toyota-ն ստիպված էր մեկ շաբաթով դադարեցնել Ճապոնիայի ձեռնարկությունների աշխատանքը՝ Aichi Steel Corp. ընկերության գործարաում պայթյունի պատճառով, որը Toyota-ի մեքենաներին ավտոմասեր է մատակարարում:

Մինչ այդ, «դիզելային սկանդալի» կենտրոնում գտնվող Volkswagen-ը հունվար-մարտին Չինաստանում վաճառքի ծավալներն ավելացրել է 6.4%-ով, Արեւմտյան Եվրոպայում՝ 3.5%-ով: