Բուենոս Այրեսի իշխանությունները փակել են Արգենտինայի մայրաքաղաքի բոլոր գիշերային ակումբներն այն բանից հետո, երբ երեկույթներից մեկի ընթացքում թմրանյութերի օգտագործման հետեւանքով մի քանի մարդ էր մահացել, հայտնում է   Reuters-ը: Այս պահին քաղաքում աշխատում է միայն մի քանի մշակութային կենտրոն, թույլատրված են նաեւ միլոնգներ` պարային միջոցառումներ տանգոյի սիրահարների համար: 

Գիշերային ակումբների գործունեության արգելքը կգործի այնքան ժամանակ, մինչեւ քաղաքապետարանը լուծում առաջարկի հաստատություններում թմրանյութի անօրինական շրջանառության խնդրին: Դա նախ եւ առաջ վերաբերում է էլեկտրոնային երաժշտությամբ հարթակներին: Մինչ տեղի իշխանությունները սեւ ցուցակ են կազմում, Արգենտինայի մայրաքաղաքի բոլոր գիշերային ակումբները փակ կլինեն: 

Սահմանափակող միջոցները ձեռք են առնվել այն բանից հետո, երբ հինգ մարդ է մահացել, որոնք թմրանյութ էին ընդունել երաժշտական   Time Warp փառատոնին: Եվս հինգն այն ժամանակ հիվանդանոց էին տեղափոխվել: Գիշերային ակումբների սեփականատերերը հայտնել էին, որ հրաժարվում են ենթարկվել իշխանությունների որոշմանը, որովհետեւ կարծում են, որ այն հակասում է երկրի օրենքներին: Բացի այդ, նրանք նշում են, որ մարդիկ մահացել են փառատոնին, ոչ թե սովորական գիշերային ակումբում, հայտնում է   Lenta-ն: