ԼՂՀ Մարդու իրավունքների պաշտպանի նշանակման հարցը ներառված է ԼՂՀ Ազգային ժողովի նիստի օրակարգում:

ԼՂՀ ԱԺ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն այսօր ԱԺ փոխնախագահի, հանձնաժողովների ղեկավարների և աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն:

Քննարկվել են շրջանառության մեջ դրված օրինագծերը, մասնավորապես,  «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ու «Պետական կենսաթոշակների մասին» ԼՂՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերը:

Գլխադասային հանձնաժողովների նախագահներ Հովիկ Ջիվանյանն ու Արամ Գրիգորյանը  համապատասխան հաղորդումներ են ներկայացրել շրջանառության մեջ գտնվող օրինագծերի վերաբերյալ:

Հերթական  նիստի օրակարգում է նաև ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպանի նշանակման հարցը:

Հիշեցնենք, որ ապրիլի 25-ին ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպան Յուրի Հայրապետյանն Ազգային ժողով է ներկայացրել իր հրաժարականի մասին առաջին դիմումը, իսկ մայիսի 3-ին, համաձայն «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ԼՂՀ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի,  կրկին դիմել է լիազորությունները վաղաժամ դադարեցնելու մասին դիմումով:

Ամփոփելով խորհրդակցության արդյունքները՝  Աշոտ Ղուլյանը հայտարարել է, որ 6-րդ գումարման Ազգային ժողովի 3-րդ նստաշրջանի հերթական լիագումար նիստը տեղի կունենա մայիսի 5-ին, ժամը՝ 11:00-ին:

Նշենք, որ ԼՂՀ Ազգային ժողովում մայիսի 5-ին, հերթական նիստում կներկայացվի Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածուն, որը Հայաստանի Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Ռուբեն Մելիքյանն է: