Ղարաբաղցի փորձագետ Մարգաիրտա Քարամյանը հանդես է եկել հայտարարությամբ, որով դիմում է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին եւ պահանջում անհապաղ դուրս բերել մեր կանոնավոր բանակի շարքերից կասկածյալ Մանվել Գրիգորյանին եւ նրա ոչ պակաս կասկածյալ «բանակը»:

Դիմումի մեջ մասնավորապես ասվում է.

«Արդեն մի քանի օր է, արցախցիներն ապրում են տագնապալի սպասողական վիճակում՝ կապված ռազմավարական իշխանության այն հայտարարությունների հետ, որ Ադրբեջանը նորից ուժեր է կուտակում ղարաբաղա-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով:

Բացի այդ, զգոն արցախցիները ինչ-որ վտանգ են կանխազգում՝ Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի այցից, քանի որ մեր ժողովուրդը առաջին անգամ չէ, որ համոզվել է այդ մարդու կասկածելի քաղաքականության եւ պահվածքի մեջ: Մենք դեռ հիշում ենք, թե ինչպես նա արհամարհեց մեր ժողովրդի կողմից ընտրված Արթուր Մկրտչյանին, թե ինչպես 1993 թվականի փետրվարի 23-ին նրա կողմից վարձած եւ հովանավորվող խաժամուժը զինված հարձակում գործեց Հադրութի գնդի շտաբի վրա՝ նպատակ հետապնդելով ռազմական հեղաշրջման միջոցով մեկուսացնել Հադրութի շրջանի հաջողած պաշտպանությունը իրականացնող ռազմական ղեկավարությանը:

Առավել մեծ դժգոհություն ու տագնապ է առաջացնում արցախցիների շարքում այն հանգամանքը, որ դուք, որպես մեր երկրի ղեկավար, ընդհանրապես չեք տեղեկացնում մեր հանրությանը նրա այցի եւ ձեր միջեւ տեղի ունեցած հանդիպման մանրամասների մասին, ինչն առիթ է տալիս մեզ ենթադրել, որ ժողովրդի մեջքի հետեւում նորից դավադրություն ու դավաճանություն է պատրաստվում:

Ժողովրդի, ավելի կոնկրետ՝ Հադրութի բնակիչները դրանում մեկ անգամ եւս համոզվեցին, երբ Տեր-Պետրոսյանի հետ հանդիպումից հետո դուք այցելեցիք Հադրութ եւ հրահանգներ տվեցիք տեղի իշխանություններին, որպեսզի նրանք նախապատրաստվեն բնակավայրերի ռմբակոծություններին, սահմանին մոտ տեղակայված բնակավայրերի բնակիչների տեղահանմանը: Լուրեր են պտտվում, որ շրջանի խորքային գյուղերից մեկում կտեղակայվի զինվորական հոսպիտալ: Իսկ ամենասարսափելի լուրն այն է, որ իբր այսպես կոչված գեներալ Մանվել Գրիգորյանը «հրամայել է» հադրութցիներին հետ քաշվել առաջնագծից եւ գնալ պաշտպանել «իրենց» դիրքերը:

Այս ամենը շատ ծիծաղելի կլիներ, եթե չլիներ այսքան ողբալի:

Փաստորեն, դուք ձեր սրտաճմլիկ հարցազրույցով փափուկ բարձ եք դրել մեր ժողովրդի գլխի տակ, որ ամեն ինչ ավարտված է, ապրիլյան ողբերգությունն այլեւս չի կրկնվի, եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի հորդորով, կամ նրա աջակցությամբ, նորից ուզում եք կատարել ձեր օտարերկրյա «կայսեր» պատվերը եւ նորից հող հանձնել մեր թշնամուն: Ակամայից հիշում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարություններից մեկը, որում ասվում էր, որ հայկական կողմը պետք է վերադարձնի գոնե երկու շրջան: Ճիշտ է, այն ժամանակ չեր նշվում, թե որ շրջանների մասին է խոսքը, սակայն այսօր ձեր կատարած քայլերից պարզ է դառնում, որ դուք համաձայնություն եք տվել խախտել մեր Սահմանադրությունը եւ հանձնել Արցախի հարավային թեւը Սյունիքին կապող հատվածը, որը Մանվել Գրիգորյանը համարում է «իր հողերը» եւ ճանապարհ բացել ռուսական զորքերի համար, որոնք վաղուց նպատակադրված են տեղակայվել Իրանի սահմանում:

Թվում է, կարիք չկա հիշեցնելու, որ եթե դուք իրոք համարձակվել եք նման քայլի, ուրեմն, գիտակցում եք, որ կատարում եք պետական դավաճանություն, որի համար պատասխան կտաք Սահմանադրության պահանջներին համաձայն:

Սակայն, մենք դեռ հույս ունենք, որ դուք կարող եք փրկել ձեր խիղճը եւ նորից վտանգի չենթարկել մեր հարյուրավոր որդիների կյանքը: Դուք պարտավոր եք ենթարկվել ոչ թե օտարերկրյա ղեկավարների, նախկին նախագահների, առավել եւս, ժողովրդի կողմից հարգանք չվայելող գեներալի ասածներին, այլ մեր ժողովրդի կամքին, որը թելադրում է ձեզ անհապաղ միջոցներ ձեռնարկել՝ կանխելու նոր ողբերգությունը: Դուք գերազանց գիտեք, որ մեր բանակը կկանխի ցանկացած խելապակաս որոշման հետեւանքները, սակայն այդ նոր թափվելիք արյունը նորից կմնա ձեր խղճին:

Ժողովուրդը պահանջում է ձեզանից.

Անհապաղ դուրս բերել մեր կանոնավոր բանակի շարքերից կասկածյալ Մանվել Գրիգորյանին եւ նրա ոչ պակաս կասկածյալ «բանակը», այլապես դուք պատասխան կտաք հայության առջեւ ոչ միայն որպես ազգի դավաճան, այլ նաեւ որպես ռազմական հանցագործ, որը գիտակցաբար կազմաքանդել է բանակը, որպեսզի հանձնի մեր ամուսինների եւ եղբայրների արյամբ ազատագրված Հայրենիքի մի մասը: Եթե դուք դա չանեք, որպես Գերագույն գլխավոր հրամանատար, մենք դա կանենք կանանց եւ մեր բանակի միջոցով:

Հիշեք եւ հաշվի առեք, որ Հադրութի բնակիչները չեն փախնի մեր հերոսների հետեւից, եւ ինչպես առաջին պատերազմի ժամանակ, մենք սատար կկանգնենք մեր որդիներին եւ կանենք ամեն ինչ, որպեսզի նրանք համոզված լինեն, որ պաշտպանում են Հայրենիքը եւ մատաղ չեն դառնա իշխանավորների կեղտոտ խաղերին:

Չհամարձակվեք մեր որդիների մարմինները խաղալիք դարձնել ձեր քաղաքական խաղերում»: