Գեղարքունիքի մարզում մայիսի 1-ի երեկոյան տեղի ունեցած ողբերգական վթարի հետեւանքով մահացած Գրիգորյանները Արմավիրի մարզի Այգեկ գյուղի բնակիչներ են: Ամուսիններ Սուրեն եւ Մարգարիտա Գրիգորյաններն իրենց երկու անչափահաս երեխաների հետ գնալիս են եղել Գեղարքունիքի մարզի Նորակերտ գյուղ՝ Մարգարիտայի մոր ծննդյան արարողությանը մասնակցելու: NEWS.am-ի հետ զրույցում Այգեկի գյուղապետ Վարուժան Աբրահամյանը նշեց, որ Սուրենը տաքսու վարորդ էր, ընտանիքի շատ լավ հայր:
«Շատ լավ մարդիկ էին, գնում էին Մարգարիտայի մոր ծնունդը շնորհավորելու, ճանապարհին այդ դեպքը եղել է: Այս պահին միակ ողջ մնացած երեխան՝ 2 տարեկան Հասմիկը, հիվանդանոցում է, առողջանալուց հետո գյուղում բնակվող տատիկի ու պապիկի խնամքի տակ է լինելու»,-ասաց գյուղապետը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Գեղարքունիքի մարզում մայիսի 1-ի երեկոյան տեղի ունեցած ողբերգական վթարի հետեւանքով մահացած 3-ը մի ընտանիքի անդամներ էին՝ ամուսիններն ու նրանց 10-ամսական դուստրը: Մեքենայում գտնվող նրանց 2 տարեկան աղջիկը ողջ է մնացել եւ տեղափոխվել է հիվանդանոց:
Նշենք, որ մյուս մեքենայի վարորդն ու 2 ուղեւորները, որոնք նույնպես մահացել են, Վարդենիս քաղաքից էին:



























