Մարտունեցի Մարգո Ազարյանը 90-ականներին աշխատել է Մարտունիի հոսպիտալում, հաճախ է շփվել Մարտունու պաշտպանությունը ղեկավարած Մոնթե Մելքոնյանի մասին: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում տիկին Մարգոն հիշում է մի քանի դրվագ, որոնք ամենաշատն են տպավորվել:

Ավոն չթողեց, որ հոսպիտալը տեղափոխենք

Մանկապարտեզի առաջին հարկում էինք աշխատում այն ժամանակ: Մի պահ եկավ, որ մարդիկ հեռանում էին Մարտունիից, մեր հոսպիտալն էլ տեղակայված էր ադրբեջանցիներից մի երկու հարյուր մետրի վրա: Դիմեցինք Ավոյին, թե շատ մոտ ենք, կարող ա` մեզ վրա էլ հարձակվեն ու վնասեն, առաջարկեցինք մի երկու կիլոմետր հեռանալ քաղաքից ու էնտեղ սկսենք աշխատել: Ավոն համաձայնեց, մի քանի օրից եկավ` թե որ դուք ձեր տեղը փոխեք, ժողովուրդը կվախենա ու կգնա: Մենք էլ մնացինք ու շարունակեցինք աշխատել:

Ադրբեջանցի վիրավորներին հրահանգում էր չվնասել

Ավոն ադրբեջանցի զինվորների էր բերում ու զգուշացնում` չվնասեք հանկարծ: Մենք էլ ասում էինք, թե մեր աշխատանքի բնույթն այնպիսին է, որ մենք չենք կարողանա վնասել: Բուժել ենք ու տվել իրենց, տարել են: Մենք իրենց հետ լավ էինք վարվում:

Ավոյի համար թխվածք սարքեցինք, շատ ուրախացավ

Քարվաճառի գործողությունների ժամանակ Գետավանում էինք տեղակայված: Ավոյի հետ գիշերն էինք եկել ու առավոտյան դուրս եկանք գյուղի մեջ: Ամբողջ գյուղն ավերված էր, վառված, մի կերպ ավերակների տակից հանեցինք կաթսա, դույլեր: Ավոն թխվածք շատ էր սիրում: Ավոն կրակը վառեց, մենք էլ մի երկու բան խառնեցինք իրար, իհարկե՝ ոչ սոդա ունեինք, ոչ էլ ուրիշ բան, բայց Ավոն շատ ուրախացավ:

Կոշտ տեղերում էր քնում Ավոն, որ քիչ քնի

Մի օր եկել էր մեր մոտ ու նստած տեղը քունը տարավ: Տղաները գրկեցին, որ կոյկային պառկացնեն, արթնացավ միանգամից ու ասաց. «Որ տեղս լավ լինի, շատ կքնեմ, թող կոշտ լինի, որ շուտ արթնանամ»:

Մահվանից մեկ օր առաջ եկավ հոսպիտալ

1993թ. հունիսի 11-ին Ավոյին հանդիպեցի հոսպիտալի բակում, եկել էր Գասպարյանի մոտ, որն այդ պահին վիրահատության էր: Միասին մտանք շենք, մեզ միացավ նաեւ Գասպարյանը: Դիվանին սպիտակ շոր էր փռած, չնստեց, ասաց` փոշոտ եմ: Աթոռին նստեց ու ասաց` մի պստիկ գործ կա, ու դա Մարզիլիի ազատագրումն էր: Հարցրեց, թե ինչի կարիք ունենք ու գնաց: Ավոյի դուրս գալուց հետո վազեցի հետեւից` Ավո, վերեւում մնանք, թե իջնենք նկուղ: Նորից կրկնեց` մի պստիկ գործ ա, ներքեւ մի իջեք: Մեկ օր անց իմացանք, որ զոհվել է...