Մինչ Թուրքիայի նախագահի եկամուտն ընդամենը 50 հազար եվրո է կազմում, նրա երեխաները լողում են ճոխության մեջ: Միաժամանակ չկան պաշտոնական տվյալներ այն միջոցների մասին, որոնց տիրապետում է Ռեջեփ Թայյիփ Էրդողանի ընտանիքը, գրում է գերմանական  Bild-ը:

Էրդողանի երեխաներն ապրում են ճոխ առանձնատներում եւ սեփական բիզնեսն ունեն, որը բոլորովին աչքի չի ընկնում թափանցիկությամբ:  Թուրքիայի նախագահի կրտսեր որդուն` Բիլալ Էրդողանին բազմիցս կասկածել են փող լվանալու մեջ, իսկ քրոջ` Էսրայի հետ նա 2013-ին ներքաշվել է կոռուպցիոն սկանդալում, նշում է պարբերականը:    

Բացի այդ, անցյալ տարի տեղեկություն է բացահայտվել այն մասին, որ Բիլալը հովանավորում է թուրք գործարարներին, որոնք Իսլամական պետության ահաբեկիչների հետ տարեկան ավելի քան  500 մլն դոլարի ընդհատակյա նավթային գործարքներ են կնքում:

Այժմ Էրդողանն ուզում է ընդլայնել իր «կլանի» ոչ միայն ֆինանսական ազդեցությունը, այլեւ քաղաքական: Վարչապետ Դավութօղլուի պաշտոնից հեռացումից հետո Թուրքիայի նախագահն իր փեսային է առաջ մղում նրա տեղի համար, ասված է հոդվածում, որը մեջբերում է «ՌԻԱ Նովոստին»: