Պաշտպանության նախկին փոխնախարար Անդրանիկ Քոչարյանը ռազմական ղեկավարության առանցքային պաշտոնյաներին պաշտոնանկ անող իշխանությանն առաջարկում է վերացնել նաեւ առաջնագծում առկա թերացումները։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում Անդրանիկ Քոչարյանը նշեց՝ անդրադառնալով ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ, նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ Ալիկ Միրզաբեկյանի, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետ Արշակ Կարապետյանի եւ ՀՀ ԶՈՒ կապի զորքերի պետ, կապի եւ ավտոմատացված կառավարման համակարգերի վարչության պետ Կոմիտաս Մուրադյանի պաշտոնանկությանը։
«Եթե պաշտոնանկություններ են արել, նշանակում է՝ հիմքեր ունեին, բայց ինձ համար շատ կարեւոր են նոր նշանակումները, որոնք այս պահի դրությամբ դեռ չկան։ Իսկ նշանակումները պետք է բերեն այդ խնդիրների, թերացումների վերացմանը, եւ նոր մարդկանց ի հայտ գալը, փոփոխությունների հեռանկարը պետք է տեսանելի լինեն հասարակության համար»,- ասաց Քոչարյանը։
Նրա խոսքով, պետության համապատասխան մարմինների գործառույթն է նաեւ պաշտոնյաներին քրեական պատասխանատվության ենթարկելու հարցը. «Խնդիրը պետք է լուծել իրավական ճանապարհով, եթե հիմքեր կան, դրա համար պետությունը համապատասխան կառույցներ ունի՝ զինվորական դատախազից մինչեւ քննություն իրականացնող մարմիններ։ Կառաջարկեի, որ նույն ղեկավարները փորձեին վերացնել նաեւ առաջնագծում թերությունները, եթե դրանք այդքան ակնառու են»։
Ըստ նախկին փոխնախարարի, այդ թերությունները յուրաքանչյուրն իր օղակում կարող էր վերացնել ու ուժեղանալ, քանի որ այս հանգիստ վիճակն այլեւս Հայաստանը չի ունենալու՝ մինչեւ վերջնական խաղաղության պայմանագրի ստորագրումը։





























