Դիլիջանը Հայաստանի ամենահայտնի հանգստավայրերից է, ժամանակին մեծ ճանաչում է ձեռք բերել նաեւ Ֆրունզիկ Մկրտչյանի մասնակցությամբ «Միմինո» ֆիլմի շնորհիվ: Քաղաքի հրապարակներից մեկում նաեւ ֆիլմի հերոսների քանդակներն են՝ կարծես հիշեցնելով, որ Դիլիջանի ջուրը որակով երկրորդն է աշխարհում: Դա, ի դեպ, ռեժիսորի գեղարվեստական չափազանցությունը չէ:

Վերջին տարիներին քաղաքի փառքն ավելացավ նաեւ Դիլիջանի միջազգային դպրոցի (DIS) բացման շնորհիվ, որտեղ սովորում են տաղանդավոր երեխաներ Հայաստանից եւ Սփյուռքից, ինչպես նաեւ արտասահմանցիներ:

Քաղաքում իսկապես բազմաթիվ օտարերկրյա քաղաքացիներ կան՝ զբոսաշրջիկներ, հանգստացողներ, ուսանողներ: Այս դեպքում առավել եւս անհասկանալի է քաղաքային իշխանությունների անտարբերությունը ոչ միայն գեղագիտական կողմին առնչվող հարցերի, այլեւ քաղաքի բնակիչների եւ հյուրերի անվտանգության հետ ուղղակիորեն կապված խնդիրների շուրջ:

Երկար ժամանակ է՝ Դիլիջանի միջազգային դպրոցից ոչ հեռու ճանապարհը նստում է՝ տեղ-տեղ «աստիճաններ» առաջացնելով: Նրանք, ովքեր գիտեն այս «առանձնահատկության» մասին, հանդիպակաց երթեւեկելի գոտով շրջանցում են: Դժվար չէ գուշակել, թե գիշերային ժամեսրին դա ինչ հետեւանքների կարող է հանգեցնել: